Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը չի բացառում կարիերայի ավարտին հայկական թիմում խաղալու հեռանկարը. «Արմենպրես»-ի բացառիկ հարցազրույցը

4 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը չի բացառում կարիերայի ավարտին հայկական թիմում խաղալու հեռանկարը. «Արմենպրես»-ի բացառիկ հարցազրույցը

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Միլանի «Ինտերը» կարողացավ տնային խաղում խոշոր՝ 3-0 հաշվով հաղթել «Մոնակո»-ին։ Հանդիպմանն ամբողջությամբ մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, 2024-ին Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչված, վերջերս 36-ամյակը բոլորած Հենրիխ Մխիթարյանը։ Խաղի 67-րդ րոպեին Մխիթարյանը, սեփական կիսադաշտում ստանալով գնդակը, արագ սլացավ դեպի մրցակցի տուգանային հրապարակ՝ հաղթահարելով շուրջ 50 մետր տարածություն, ուժգին հարվածեց, «Մոնակո»-ի դարպասապահը ճիշտ դիրք գրավեց և փրկեց իր թիմին հայ ֆուտբոլիստի հարվածից հետո, սակայն վրա հասած Լաուտարո Մարտինեսը կարողացավ խփել իր 3-րդ գնդակը՝ հեթ-տրիկ ձևակերպելով և վերջակետ դնելով հանդիպման հաղթողի վերաբերյալ հարցին։ 

Հանդիպման ավարտից հետո Հենրիխ Մխիթարյանը խառը գոտում ժամանակ գտավ կարճ շփվելու «Արմենպրես»-ի հետ։

DSC_0007.JPG

- Վերջին վնասվածքից հետո ինչպե՞ս է ֆիզիկական վիճակը, Հենրիխ։

- Դուք ասեք, ինչպե՞ս խաղացի (ժպտում է)։

- Կարծում եմ՝ լավ, Ձեզ հաջողվեց նաև գոլային փոխանցման հեղինակ դառնալ։ Ափսոս, գոլ խփելը չստացվեց։

- Ես էլ եմ կարծում, որ կարողացա այսօր լավ խաղալ։ Ֆիզիկական վիճակս բավարարում է ամբողջական խաղեր անցկացնելուն։ Չեմ մտաբերում, որ գոլ խփելու ռեալ պահ ունեցա։

- «Ինտերի» հետ պայմանագիրը գործում է ընթացիկ և հաջորդ մրցաշրջանների համար, այնպես չէ՞։ Այսպիսի խաղերը խոսակցությունների առիթ չե՞ն տալիս երկարաձգելու համար։

- Իրականում հնարավորություն կա պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգելու։ Եթե դրա ավարտին կողմերը ցանկություն ունեցան, ապա պայմանագիրն ավտոմատ մեկ մրցաշրջանով ևս կերկարաձգվի։ 

PXL_20250129_225230706.MP.jpg

- Իսկ գուցե կարիերայի ավարտին մեկ կամ երկու տարի էլ Հայաստանում կցանկանայի՞ք խաղալ, տեղացի երկրպագուներին ուրախացնել։

-  Սա անձամբ Ձե՞զ է հետաքրքիր, թե՞ հրապարակելու եք (ժպտում է)։

- Իհարկե, հրապարակվելու է։ Բացի այդ, վերջին տարիներին հայկական թիմերը կարողանում են որոշակի հաջողությունների հասնել եվրոպական մրցասպարեզում։ Մի շարք ֆուտբոլիստներ արդեն վերադարձել են կամ վերադառնում են։ Օրինակ, վերջերս նաև Վարազդատ Հարոյանը համալրել է «Փյունիկ»-ի շարքերը...

- Ֆուտբոլում ոչինչ չի կարելի բացառել։

DSC_0088.JPG

- Այսինքն, չե՞ք բացառում, որ կվերադառնաք խաղալու Հայաստանում։

- Չեմ բացառում։ Սա ֆուտբոլ է։ 

- Հենրիխ, «Ինտեր»-ի ֆան խանութում դժվարացել է Ձեր խաղային համարով շապիկներ գնելը։ Գիտե՞ք, թե ինչն է պատճառը։

- Կարծում եմ՝ դա լավ է։ Նշանակում է պահանջարկ կա։ Մարդիկ անընդհատ գնում են։ Վատ չեմ խաղում, այնպես չէ՞ (ժպտում է)։

DSC_0013.JPG

- Կասեմ, որ առաջին խաղակեսում «Ինտեր»-ի կիսապաշտպաններից ամենից ցածր արդյունավետության ցուցանիշն ունեիք Opta-ում։ Գոլային փոխանցումից հետո պատկերը փոփոխվեց։

- Այսինքն, իմ խաղը դատո՞ւմ եք այդ ցուցիչների հիման վրա։ Կարծում եմ՝ այդպես ճիշտ չէ, ամբողջական չէ։ 

- Համաձայն եմ։ Ամեն դեպքում հաջողվեց ամբողջական խաղ անցկացնել, 90 և ավելի րոպե… այդպիսի անցում իրականացնել…

- Շատ ուրախ եմ դրա համար։ Գնահատված եմ զգում։

DSC_0071.JPG

- Հաջողություն եմ մաղթում Միլանյան դերբիից առաջ։

- Շնորհակալություն։

Հարցազրույցը և լուսանկարները՝ Հարություն Ծատրյանի 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում