Զերմուկում մեծ շուքով մեկնարկեցին Համահայկական երկրորդ ձմեռային խաղերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացման պաշտոնական արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Բացման պաշտոնական արարողությունը մեկնարկեց շոու ծրագրով, որին հաջորդեց մարզիկների պաշտոնական շքերթը: Այս տարի Համահայկական խաղերին ամենամեծ պատվիրակությունն ունի Ռուսաստանի թիմը` 211 մարզիկ, ամենաքիչ մասնակիցներն ունեն Նյու Դելիի, Ուկրաինայի, Ստամբուլի, թիմերը։ 5-ական մասնակից ունեն Ուկրաինայի ու Ստամբուլի թիմերը, միայն մեկ մասնակից ունի Նյու Դելիի թիմը։
Մարզիկների անունից մարզական երդումը տվեց Դոնի Նախիջևանից Մարկո Կարապետյանը, իսկ մրցավարներինը` Դավիթ Բաղումյանը:
Համահայկական խաղերի պաշտոնական դրոշը բարձրացնելու պատիվը տրված էր ծանրորդ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանին, իսկ խաղերի ջահը վառեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը:
Բացման արարողության ժամանակ մարզիկներին և ներկաներին դիմեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը. «Համահայկական խաղերը հատուկ նշանակություն ունեն մեր ժողովրդի համար, քանի որ միավորում են աշխարհասփյուռ հայությանը՝ սպորտի և մրցակցության ոգով: Հայաստանի հրաշալի ձմեռային բնությունը և լեռնային գեղատեսիլ վայրերը լավագույն միջավայր են ստեղծում այս մարզական տոնի համար: Մեր երկիրը հպարտությամբ է հյուրընկալում աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ մարզիկներին, որոնք իրենց մասնակցությամբ նպաստում են հայկական սպորտային ավանդույթների զարգացմանը, ինչպես նաև նոր խթան են դառնում Հայաստան-Սփյուռք նոր կապերի ամրապնդման համար»,-ասաց նախագահ Խաչատուրյանը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ողջունելով մասնակիցներին, մասնավորապես ասաց. «Երբ տարիներ առաջ մենք որոշում էինք կայացնում Զերմուկում անցկացնել Համահայկական երկրորդ ձմեռային խաղերը, մենք ոչ միանշանակ իրավիճակում էինք: Բայց մենք վստահ էինք, որ չնայած դժվարություններին, մենք կարող ենք այս տոնն անցկացնել Զերմուկում: Եվ բացման արարողությունը ցույց տվեց, որ մենք կազմակերպել ենք այդ տոնը Զերմուկում: Առաջիկա օրերին մեր մարզիկները տարբեր մարզաձևերում մրցելու են լավագույնը ճանաչվելու համար: Մարզական շքերթը ցույց տվեց, որ ինչպես Օլիմպիական խաղերում է, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում ևս կարևորը մասնակցությունն է»:
Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի նախագահ Իշխան Զաքարյանն իր խոսքում ընդգծեց, որ մինչ այս կայացած բոլոր խաղերը եղել են լավագույնս կազմակերպված:
«Ուղիղ 11 տարվա ընդմիջումից հետո սկսում ենք Համահայկական երկրորդ ձմեռային խաղերը: Տարեցտարի զարգացող խաղերի աշխարհագրությունը և մասնակիցների շեշտակի ավելացումը Համահայկական խաղերի գաղափարը դարձրել են միասնության, սիրո ու համերաշխության իսկական տոն: Սերունդներ են փոխվել ու սերունդներ են մեծանում օտարության մեջ՝ հաճած հայերենին դժվար տիրապետող կամ ընդհանրապես չտիրապետող: Համահայկական խաղերը դարձել են այն կախող օղակը, որը նպաստում է հայապահպանության, հայաստանակենտրոն հայության միավորման գաղափարին»,-ասաց Զաքարյանը:
Համահայկական առաջին ձմեռային խաղերը կայացել էին 2014 թվականին: 11 տարի անց մեկնարկած երկրորդ խաղերին մասնակցում է 1348 մարզիկ՝ 18 պետության 88 քաղաքներից:
Առաջին խաղերին, որոնք կայացել էին Ծաղկաձորում, մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից:
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ընթացքում կանցկացվեն հոկեյի, դահուկավազքի, լեռնադահուկային սպորտի, սնոուբորդի, շախմատի, ձնամարտի և սպորտային պարերի մրցումներ: Մի քանի մարզաձևերի` սնոուբորդի, լեռնադահուկի և հոկեյի մրցաշարերը կանցկացվեն Ապարանի տարածաշրջանում և Երևանում:
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ջահը վառվել էր Նորավանքում: Նորավանքի հոգևոր հովիվն օրհնել էր խաղերի մեկնարկը և մոմի կրակով վառել ջահը։ Այն փոխանցվել էր Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանին, Եվրոպայի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, աշխարհի բացարձակ գավաթակիր Վահագն Դավթյանին, ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի պատանիների չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանին, աշխարհի և Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Էմմա Պողոսյանին։