ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել է դպրոցներում անվտանգության ստանդարտների սահմանման խնդիրը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների պատասխանատուների, Կրթության տեսչական մարմնի, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և ՀՄԿ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու դպրոցներում անվտանգության ստանդարտների մշակման աշխատանքները: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

«Անվտանգության ստանդարտների սահմանումը հանրակրթության ոլորտում համակարգային լուծում պահանջող խնդիրներից է: Պետք է միասնաբար հասկանանք՝ ինչ ռեսուրսներ ունենք, որոնք են գույքագրված խնդիրները և ինչպես գնանք լուծման ճանապարհով: Անվտանգության ընկալման շուրջ անհրաժեշտ է ունենալ միասնական չափանիշներ, որոնք պետք է նվազեցնեն ռիսկերը: Ակնհայտ է, որ կա իրավական ակտերի վերանայման կարիք, որոնք պետք է բխեն  համապատասխան ստանդարտից»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ կարևորելով խնդրի կարգավորումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նախարար Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ անվտանգության ընթացակարգերը պետք է դասակարգել ըստ դպրոցների կրթական ծրագրերի աստիճանների, տեղակայվածության (գյուղական կամ քաղաքային)՝ հաշվի առնելով դպրոցների և աշակերտների տարիքային առանձնահատկությունները:

Կարևորվել է ուսումնական հաստատությունների շենքային և միջավայրային անվտանգության, սեյսմակայունության, մուտքի և ելքի կառավարման, միջավայրի վերահսկման հնարավոր մեխանիզմների սահմանումը: Քննարկվել են նաև մասնագիտական ծառայությունների առկայության, այդ ուղղությամբ անհրաժեշտ վերապատրաստումների կազմակերպման, նոր ռեսուրսների ներգրավման, այլ գերատեսչությունների հետ համագործակցության կարևորությանը վերաբերող հարցեր:

Ըստ աղբյուրի՝Ժաննա Անդրեասյանը նշել է նաև, որ ուսումնասիրվում է այս ուղղությամբ միջազգային փորձը: Կողմերը ներկայացրել են իրենց համակարգման տիրույթում առկա խնդիրները, նախանշել լուծման տարբերակները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել գույքագրելու դպրոցների ֆիզիկական անվտանգության առաջնային խնդիրներն ու հրատապ կարիքները՝ հետագա  աշխատանքներում դրանք քննարկելու նպատակով։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում