Կրթություն

Հայաստանը տարածաշրջանում համարվում է ներառականության դրական փորձ ունեցող երկրներից մեկը. Արաքսիա Սվաջյան

5 րոպեի ընթերցում

Հայաստանը տարածաշրջանում համարվում է ներառականության դրական փորձ ունեցող երկրներից մեկը. Արաքսիա Սվաջյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 30-ին մեկնարկել է «Փոփոխվող կրթություն. համընդհանուր ներառականության մարտահրավերները» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողով։ 

Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախխարարության տարածած հաղորդագրությունից, փոխնախարարն անդրադարձել է ոլորտի առաջնահերթություններին, իրականացվող քաղաքականությանն ու անելիքներին:

«Հայաստանը տարածաշրջանում համարվում է համընդհանուր ներառականության դրական փորձ ունեցող երկրներից մեկը, որտեղ շուրջ 20 տարի է՝ ներդրված է ներառական կրթության  համակարգը: Այսօր ունենք մոտ 8800 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, որոնց մեծ մասը սովորում է ներառական կրթություն իրականացնող դպրոցներում, իսկ 500 երեխա՝ հատուկ դպրոցներում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում ներկայում գործում է 7 հատուկ դպրոց։

Նրա խոսքով՝ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն է տեղի ունեցել, ըստ որի՝ հատուկ դպրոցների վերակազմավորման գործընթաց է իրականացվելու․ հատուկ դպրոցների մեծ մասը վերափոխվելու է  հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների: Գլխավոր խնդիրներից մեկը տարանցիկ միջավայրի ապահովումն է, որը կօգնի նախապատրաստելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխային հաճախել իր բնակավայրում գործող դպրոց: 

Նախարարի տեղակալն իրազեկել է, որ արդեն 2 տարի է՝ Յունիսեֆի աջակցությամբ Լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիրը ռեսուրս կենտրոնի վերափոխելու պիլոտային ծրագիր է իրականացվում, և կան լավ արդյունքներ: 

«Եվս մեկ պիլոտային ծրագիր ենք սկսել՝ հիմք ընդունելով միջազգային փորձը: Ծրագիրն իրականացվում է 3 դպրոցում՝ ռեսուրս սենյակների ձևաչափով: Դպրոցներում առանձնացված են տարածքներ, որոնցում ամենածանր խանգարումներ ունեցող երեխաները օրվա մի մասն անցկացնելու հնարավորություն են ունենում՝ ստանալով ծառայություններ: Այս սենյակները նախատեսված են միայն այն երեխաների համար, որոնք իրականում չեն կարողանում մի քանի ժամ մնալ դասարանում: Նրանց անհատական ուսումնական պլաններում պետք է հստակ ամրագրված լինի, թե որ դասերին են մասնակցում ընդհանուրի հետ և որոնց՝ առանձին: Ռիսկերը շատ են. պետք  է ուշադիր լինել, որ երեխան չառանձնացվի և չմեկուսացվի այդ տարածքում: Եվ չնայած ռիսկերին՝ սա փորձ է՝ լավացնելու ներառական կրթության որակը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:  

ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև նախադպրոցական ոլորտին, որտեղ, ըստ նրա, 3 տարի է՝ ներառական կրթություն է իրականացվում:

«Այսօր նախադպրոցական տարիքի 1500 երեխա ընդգրկված է ներառական կրթության համակարգում, և ակնհայտ է, որ դա ամբողջական պատկերը չէ: Շատ անելիքներ կան երեխաներին հայտնաբերելու, ճիշտ ուղղորդելու, ծնողների հետ աշխատելու, դպրոցական ուսուցմանը նախապատրաստելու ուղղությամբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:   

Նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ևս ներդրվել է  ներառական կրթություն, բայց Արաքսիա Սվաջյանի գնահատմամբ՝ այստեղ ընթացակարգերն այլ են.

«Պետք է մտածենք միկրոորակավորումների տրամադրման, ծառայությունների մատուցման ձևաչափերի, ինչպես նաև անհատական ուսուցման պլանների լրացման և այլ ընթացակարգերի մշակման մասին՝ հաշվի առնելով մասնագիտական կրթության առանձնահատկությունները: Հատկապես շատ ենք կարևորում մասնագիտական դաշտից ստացվող ուղերձները, որոնք կուղղորդեն նշյալ հարցերին ճիշտ պատասխաններ գտնել»: 

Արաքսիա Սվաջյանը հաջողություն է մաղթել գիտաժողովի մասնակիցներին և նշել, որ արձանագրված փաստահեն տվյալները կնպաստեն ոլորտի քաղաքականության մշակման լավարկմանը:

Գիտաժողովի ընթացքում քննարկվելու են ներառական կրթության և բազմազանության, հավասարության, տարբերության գաղափարների, լավագույն փորձի և հետազոտական արդյունքների փոխանակման վերջին զարգացումների և նորարարությունների վերաբերյալ տեսական և գործնական տարաբնույթ հարցեր՝ տարբեր երկրների գիտնականների, ուսանողների, առաջնորդների, հատուկ կրթության ոլորտի մասնագետների համախմբման միջոցով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում