ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների ոլորտում իր միջազգային պարտավորություններին և ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «X»-ի իր էջում հաղորդագրություն է տարածել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանությունը ՝ հրապարակելով ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբիի և քաղբանտարկյալ Գուբադ Իբադօղլուի հանդիպման լուսանկարը։
«Դեսպան Մարկ Լիբբին այսօր հանդիպել է դոկտոր Գուբադ Իբադօղլուի հետ և մտահոգություն հայտնել նրա առողջության վերաբերյալ: Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների ոլորտում իր միջազգային պարտավորություններին, վերացնել դոկտոր Իբադօղլուի նկատմամբ սահմանափակումները և ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին»,- նշված է ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
Ambassador Libby met with Dr. Gubad Ibadoglu today and expressed concern for his health. The United States calls on Azerbaijan to adhere to its international human rights commitments and obligations, and to lift the restrictions on Dr. Ibadoglu and to release all those unjustly… pic.twitter.com/b6nlEDdX4g
— U.S. Embassy Baku (@USEmbassyBaku) October 25, 2024
Ավելի ուշ, Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարություն էր տարածել`նշելով, որ ԱՄՆ-ն իրավունք չունի մարդու իրավունքների հարցերն օգտագործել որպես այլ երկրի ներքին գործերին, հետաքննության գործընթացներին կամ դատական համակարգի անկախությանը միջամտելու գործիք: