Հնդկաստանը և Չինաստանն սկսել են զորքերը հետ քաշել Արևելյան Լադակհի սահմանից
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը և Չինաստանն սկսել են զորքերի փոխադարձ հետքաշումը Դեպսանգի և Դեմչոկի շրջաններից, որոնք գտնվում են Արևելյան Լադակհի Փաստական վերահսկողության գծում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ANI լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով պաշտպանական գերատեսչությունում իր աղբյուրներին։
Հնդկաստանի և Չինաստանի զինծառայողները նշված շրջաններում ապամոնտաժում են ժամանակավոր պահակակետերն ու շինությունները, որոնք կառուցվել էին 2020 թվականի մայիսին տեղի ունեցած սահմանային հակամարտությունից հետո: Կառույցների ապամոնտաժման և Դեպսանգի ու Դեմչոկի շրջաններից զորքերի դուրսբերման գործընթացը պետք է ավարտվի մինչև հոկտեմբերի 28-29-ը։
Հոկտեմբերի 21-ին Հնդկաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարությունները հայտարարել էին, որ համաձայնություն են ձեռք բերել Արևելյան Լադակհում Փաստական վերահսկողության գծի երկայնքով պարեկության շուրջ, ինչը կհանգեցնի զորքերի միմյանցից հեռացման և 2020 թվականին սահմանային բախման հետևանքով առաջացած խնդիրների լուծման:
Հիմալայներում Հնդկաստանի և Չինաստանի միջև սահմանագծված սահման չկա, երկու երկրները բաժանում է Փաստական վերահսկողության գիծը, ինչը լարվածության աղբյուր է մնում տասնամյակներ շարունակ: 1959 թվականին Հնդկաստանը հայտարարել էր Չինաստանի կողմից Արունաչալ Պրադեշի նահանգի մի մասի բռնի անջատման մասին, 1962 թվականին բռնկվել էր զինված բախում, որի հետևանքով Չինաստանի վերահսկողութան տակ էր անցել Հնդկաստանին պատկանող մոտ 38 000 քառ. կմ տարածք լեռնային շրջաններում։
Փաստական վերահսկողութան գծի երկայնքով վերջին լուրջ սրացումը եղել է 2020 թվականի մայիսին, երբ Լադակհի լեռնային մարզում բախումներ տեղի ունեցան հնդիկ և չին զինծառայողների միջև: Այդ ժամանակ Հնդկաստանը կորցրեց 20 զինվորի: Նյու Դելին և Պեկինն այդ շրջանում կենտրոնացրել են 50 000 զինծառայողի, ծանր հրետանի, տանկեր և օդուժ: