Տնտեսություն

Աջակցություն՝ կարկտի առավել ակտիվ գոտիներում գյուղատնտեսական գործունեություն ծավալող 270 բնակավայրի բնակիչներին

4 րոպեի ընթերցում

Աջակցություն՝ կարկտի առավել ակտիվ գոտիներում գյուղատնտեսական գործունեություն ծավալող 270 բնակավայրի բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը հաստատեց կարկտի առավել ակտիվ գոտիներում գյուղատնտեսական գործունեություն ծավալող 270 բնակավայրի գյուղացիներին աջակցություն տալու նախագիծը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ընդունվեց ՀՀ կառավարության հոկտեմբերի 24-ի հերթական նիստում։

ՀՀ կառավարության 2021 թվականի որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին զեկույցով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն, ով նշեց, որ որոշումը վերաբերում է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025 թթ-ի ծրագրին։

«Այս ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի մշակումն ու իրականացումը պայմանավորված է կարկտի առավել ակտիվ գոտիներում բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար կարկտից ստացված վնասների նվազեցման, տնտեսվարողների եկամուտների կայունացման ու բնակլիմայական ռիսկերի մեղմացման ծրագրով սահմանված որոշ դրույթների հստակեցման, ինչպես նաև այլ աջակցող դրույթների ավելացմամբ»,-նշեց Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ նախագիծը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցելությունների և հանդիպումների ընթացում բազմիցս բարձրաձայնվել է, և նախարարության առաջ նման խնդիր է ձևակերպվել։ 

«Բավականին երկար աշխատանք է իրականացվել և հստակեցվել է կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակարանների ցանկը՝ 270 բնակավայր»,-նշեց Պապոյանը՝ հավելելով, որ նախարարությունը նախագծով առաջարկում է պետական աջակցության ծրագրի շրջանակներում տնտեսվարողների համար կարկտապաշտպան ցանցերի ներդրումը հասանելի դարձնելու նպատակով՝ կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար բացի գործող աջակցության վարկային բաղադրիչից՝ փոքր գյուղացիական տնտեսությունների համար կիրառել նաև ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչ՝ նշված 270 համայնքում՝ 0,5-3 հեկտար տարածքում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար։

Գևորգ Պապոյանը հույս հայտնեց, որ այս ծրագրով քաղաքացիներն, իրականացնելով ոչ շատ մեծ ներդրումներ, ցորենի, գարու արտերը կվերածեն, օրինակ՝ սալորի կամ խաղողի այգիների, որոնք հարյուրապատիկ ավելի եկամտաբերություն ունեն։

«Մեր հաշվարկով՝ մոտավորապես 12,1 միլիոն դրամ է կազմում կարկտապաշտպան ցանցը մեկ հեկտարի հաշվով կառուցելը, և այս բնակավայրերում մենք փոխհատուցում ենք ծախսերի 75 տոկոսը, ինչը նշանակում է, որ գյուղացին ընդամենը 3 միլիոն դրամի ներդրում պետք է անի, իսկ մնացած 9 միլիոն դրամը ներդրում է անում ՀՀ կառավարությունը»,-ասաց Էկոնոմիայի նախարարը։

Նախագծում նաև նշվում է, որ ոռոգման արդիական համակարգի և կարկտապաշտպան ցանցի ներդրման դեպքերում ծրագրում հստակեցվել են անշարժ գույքի վարձակալության (օգտագործման) և հետներդրումային շահագործման համար սահմանված ժամկետները, շահառուի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը,կապալառու կազմակերպության միջոցով կատարվող աշխատանքներն ու շահառուի և կապալառու կազմակերպության միջև կնքվող պայմանագրի ժամկետները։ Բացի այդ, տնտեսավարողների կողմից կարկտապաշտպան ցանցերի երկարաժամկետ և բարեխիղճ շահագործման նպատակով,  նախագծով առաջարկվում է չօտարել կարկտապաշտպան ցանցի հողատարածքը (այգին) կամ կարկտապաշտպան համակարգը և ապահովել կարկտապաշտպան ցանցերի շահագործումը՝ հետներդրումային 5 տարվա ընթացքում։ Նախագծով սահմանվել է նաև հիմնվող այգու ամբողջ մակերեսում ոչ արտադրական տարածքի մակերեսի թույլատրելի չափի վերաբերյալ դրույթ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում