Գիտություն

Կառավարությունը հաստատեց բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության և հարկային որոշ արտոնություններ սահմանող նախագծերը

8 րոպեի ընթերցում

Կառավարությունը հաստատեց բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության և հարկային որոշ արտոնություններ սահմանող նախագծերը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնցով առաջարկվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում սահմանել պետական աջակցության մի շարք ուղղություններ և հարկային որոշ արտոնություններ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ընդունվեց Կառավարության հոկտեմբերի 24-ի հերթական նիստում։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց, որ տարիների ընթացքում կառավարությունը պետական աջակցության մի շարք ծրագրեր է առաջարկել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու նպատակով։ 

«Ընթացիկ տարում դեռևս գործող մի քանի կարգավորումներ կան՝ մասնավորապես մինչև տարեվերջ գործում է ՏՏ ոլորտի աջակցության ծրագիրը, որով փոքր ընկերություններին տրվում են հավաստագրեր, ինչը ենթադրում է, որ սահմանվում է 20 տոկոսի փոխարեն 10 տոկոս եկամտահարկի շեմ։ Դրանից զատ, ունենք նաև աշխատաշուկա նոր մուտք գործող աշխատակիցների մասով եկամտահարկի 50 տոկոսի չափով վերադարձ ընկերություններից, որի պետական աջակցության ծրագիրը ևս ավարտվում է տարեվերջին», - ասաց Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ վերջին ամիսների ընթացքում քննարկվել են հնարավորությունները, թե կառավարությունն ինչպե՞ս կարող է առաջարկել ինստիտուցիոնալ լուծում,  ընդհանրապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը զարգացնելու և դրանում ռազմավարական հռչակված ուղղություններում ներդրումներ կատարել։ 

Հայրապետյանի խոսքով՝ ԲՏԱ նախարարությունն առաջարկում է պետական աջակցության մի համապարփակ փաթեթ՝ 7 տարվա համար։

«Կառավարության 2021-26 թվականների ծրագրում արդեն իսկ ամրագրված է, որ ԲՏԱ ոլորտը տնտեսության առաջնային ուղղություններից մեկն է՝ իբրև տնտեսության համար տնտեսական աճ ապահովող, ինչպես նաև բարձրարժեք արտադրողականության աճ գեներացնող ուղղություններից մեկը, հետևաբար, մեզ համար շատ կարևոր է այս ոլորտը զարգացնելը, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքները, նորարարությունը, նոր ապրանքների ստեղծումը խթանելը»,-նշեց Հայրապետյանը՝ մանրամասնելով, որ նախագիծն առաջարկում է պետական աջակցության նոր գործիքակազմ և հարկային արտոնությունների նոր շրջանակ, որն ուղղված է ոլորտի զարգացմանը։ 

Նախարարի խոսքով՝ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծով նախատեսվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ընդգրկված կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին տրամադրել պետական աջակցություն հետևյալ ուղղություններով՝ աշխատանքային միգրանտների ներգրավման համար, որոնք իրականացնում են մասնագիտական աշխատանք և համարվում են տվյալ տնտեսավարող սուբյեկտի վարձու աշխատողները: Ընդ որում՝ պետական աջակցությունը տնտեսավարող սուբյեկտին կտրամադրվի աշխատանքային միգրանտի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով: 

«Խթանում ենք նոր աշխատակիցների մուտքը տեխնոլոգիական համայնք։ Մենք մտադիր ենք մինչև 30 հոգանոց ստարտափներին առաջարկել եկամտահարկի 100 տոկոս վերադարձ՝ աշխատաշուկա նոր մուտք գործող աշխատակիցների մասով։ Սա նշանակում է, որ մենք խրախուսում ենք ընկերություններին ստեղծել նոր աշխատատեղեր», - նշեց ԲՏԱ նախարարը։ 

Վերջինիս խոսքով՝ նման գործիք առաջարկվում է ընկերություններին, որովհետև նախարարությունը հավատացած է, որ ինչպես տնտեսության կառուցվածքի տրամաբանությունից ելնելով, այնպես էլ հաշվի առնելով սահմանափակ ռեսուրսները՝ հարկավոր է ներդնել կոնկրետ գործիքներ՝ աշխատակիցներին բարձրարժեք արտադրություն ապահովող ուղղություններում ներգրավելու համար։ 

«Նոր աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով, եթե բոլոր վարձու աշխատողների եռամսյակային միջին քանակը 31 և ավելի է», - նշեց Մխիթար Հայրապետյանը։ 

Նախագծի երրորդ ուղղությունը վերաբերում է տնտեսավարող սուբյեկտի մասնագիտական աշխատանք կատարող կադրերի պատրաստման և վերապատրաստման գծով կատարված կրթական ծախսերի փոխհատուցմանը տնտեսավարող սուբյեկտի մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով, եթե կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ վարձու աշխատողների եռամսյակային միջին քանակը չի գերազանցում 30-ը:  

Այս դեպքում մինչև 30 աշխատակից ունեցող փոքր կազմակերպության դեպքում առաջարկվում է նաև փոխհատուցել կադրերի պատրաստման և վերապատրաստման նպատակով տնտեսավարող սուբյեկտի կողմից կատարված գործուղման ծախսերը, որի հատուցման համար ենթաօրենսդրական իրավական ակտով նախատեսվում է սահմանել վերին շեմ՝ 2 մլն դրամից ոչ ավելի: 

«Հաջորդ ուղղությունը, որը ռազմավարական ծրագրերի տեսանկյունից, թերևս, ամենակարևորն է, դա գիտահետազոտական աշխատանքների խթանումն է։ Մենք այստեղ մի շարք առաջարկներ ունենք ընկերություններին, բայց նախ մենք սահմանում ենք, որ ընդհանրապես տնտեսության համար ոչ միայն տեխնոլոգիական ոլորտի, այլ առհասարակ տնտեսության ոլորտի համար բոլոր այն ընկերությունները, որոնք կանեն գիտահետազոտական աշխատանքներ, այնտեղ ներգրավված աշխատակիցների եկամտահարկը 20-ից կսահմանվի 10 տոկոս», - ասաց ԲՏԱ նախարարը։ 

Նախարարը նշեց, որ Հայաստանը ծառայություններ մատոցող ընկերությունից պետք է միջազգային շուկաներին պրոդուկտներ մատակարարող և առաջարկող երկիր դառնա։

«Բացի այդ, առաջարկվում է շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցում 2.5 անգամ՝ 5 տոկոսի փոխարեն սահմանելով 2 տոկոս», - նշեց Հայրապետյանը՝ հավելելով, որ նպատակ կա նաև շահութահարկի մասով ևս մի քանի առաջարկներ անել ընկերություններին՝ մասնավորապես մասնագիտական աշխատանք կատարող անձնակազմին վճարվող աշխատավարձի 200 տոկոսի չափով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտը հավելյալ նվազեցնելու հնարավորության նախատեսում, բայց ոչ ավելի, քան հաշվարկված հարկման բազայի 50 տոկոսը։ 

Նախագծով նաև առաջարկվում է հարկային տարվա ընթացքում մինչև 30 (ներառյալ) աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների ստացած նպատակային դրամական միջոցների շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտ ճանաչելու կանոնների վերանայում, այն տրամաբանությամբ, որ այդ դրամական միջոցները եկամուտ ճանաչվեն ոչ թե այն հարկային տարվա ընթացքում, որում ստացվել են, այլ այն հարկային տարվա ընթացքում, որում այդ դրամական միջոցները կամ այդ դրամական միջոցներով ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ:

«Սրանք այն հիմնական փոփոխություններն են, որոնք այս օրենսդրական նախագծերով առաջարկվում է իրականացնել։ Առաջարկում եմ հաստատել նախագիծը», - եզրափակեց ԲՏԱ նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում