Քաղաքականություն

ԱԺ փոխնախագահը Հնդկաստանի պատվիրակության ղեկավարին է ներկայացրել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը

2 րոպեի ընթերցում

ԱԺ փոխնախագահը Հնդկաստանի պատվիրակության ղեկավարին է ներկայացրել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 19-ին հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ռամեսվար Թելիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Հակոբ Արշակյանն ընդգծել է պատմամշակութային խորը հենք ունեցող հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները և նշել, որ Հնդկաստանի հետ համապարփակ համագործակցությունն ամրագրված է Կառավարության ծրագրի առաջնահերթություններում:

ԱԺ փոխխոսնակը կարևորել է միջխորհրդարանական արդյունավետ փոխգործակցության ակտիվացումը՝ նշելով, որ ՀՀ Ազգային ժողովում գործում է Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը:

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությանն առևտրի, տրանսպորտի և կապի, առողջապահության, դեղագործության, գյուղատնտեսության, մշակույթի, բարձր տեխնոլոգիաների, կինոարտադրության և այլ ոլորտներում:

Խոսելով տուրիզմի և տնտեսության զարգացման խթանման անհրաժեշտության մասին՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթների կարևորությունը՝ նշելով, որ աշխատանք է տարվում չվերթներն ընթացիկ տարում սկսելու ուղղությամբ:

Առանձնացվել է նաև համագործակցությունը պաշտպանության ոլորտում:

Կողմերը խոսել են նաև Հայաստանի և Հնդկաստանի միջև փոխգործակցության մասին՝ կրթության և մշակույթի ոլորտներում:

Նշվում է, որ հնդկական կողմը շնորհակալություն է հայտնել ավելի քան 3,000 հնդիկ ուսանողների ուսման հնարավորության համար:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը: ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքին, ներկայացրել ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և մանրամասնել հայկական կողմի համար ընդունելի առանցքային սկզբունքները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում