Նուբար Աֆեյանը Վաղարշապատում այցելել է FAST-ի «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի աշակերտներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագիրը փորձարկող Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց է այցելել մարդասեր, «Flagship Pioneering» ընկերության հիմնադիր տնօրեն, «Moderna» ընկերության համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համահիմնադիր, դոկտոր Նուբար Աֆեյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին FAST-ից, դոկտոր Աֆեյանը հանդիպել է ծրագրի աշակերտների հետ, ծանոթացել նրանց առաջին նախագծերին և ոգևորել սովորողներին զարգացնելու նորարարության ձգտումն ու ստեղծարար միտքը։ Նրան միացել էր դոկտոր Արմեն Մկրտչյանը, որը գլխավորում է Pioneering Intelligence-ը՝ նախաձեռնություն՝ կոչված ընդլայնելու արհեստական բանականության կիրառությունը  Flagship Pioneering-ում և դրա պորտֆելի մեջ մտնող ընկերություններում։

Դոկտոր Աֆեյանն աշակերտների հետ զրույցում նշել է․ «Դուք կարող եք ստեղծել այն, ինչ կարող եք երևակայել։ Ես ձեզ ուզում եմ քաջալերել, որ ոչ միայն արվեստի, այլև գիտության մեջ օգտագործեք ձեր երևակայությունը»։

Դոկտոր Մկրտչյանն էլ, որն ինքն էլ ծննդով Արմավիրից է, պատմել է Հայաստանից մինչև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և «Flagship Pioneering» ընկերություն անցած իր ուղու մասին ու ոգևորել ծրագրի մասնակիցներին՝ լավ սովորել, համարձակ մտածել ու բաց չթողնել արհեստական բանականության մեջ վաղ տարիքից մասնագիտանալու ընձեռնված հնարավորությունը։

Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցը մեկն է հանրապետության այն 15 ավագ դպրոցներից, որոնք 2023 թվականի սեպտեմբերից փորձարկում են «ԱԲ սերունդ» ծրագրի դպրոցական բաղադրիչը։ FAST-ի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ  իրականացվող այս ծրագիրը ներգրավել է 540 աշակերտ։ Ուսուցիչների և ԱԲ ոլորտի մասնագետների աջակցությամբ աշակերտներն ուսումնասիրում են խորացված մաթեմատիկա, Python ծրագրավորման լեզու և արհեստական բանականություն։

Ի լրումն այցի՝ դոկտոր  Նուբար Աֆեյանը լինելու է նոյեմբերի 16-ին Փարիզում կայանալիք FAST-ի «Advance Armenia Gala» բարեգործական ընթրիքի բանախոսներից մեկը։ Միջոցառմանը նվիրաբերված բոլոր միջոցներն ուղղվելու են «ԱԲ սերունդ»-ի աշակերտների ուսումնառության ապահովմանն ու ծրագրի ընդլայնմանը։

FAST հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին՝ Հայաստանը գիտությամբ և նորարարությամբ առաջատար երկիր դարձնելու առաքելությամբ: Հիմնադրամն իրականացնում է նախագծեր կրթության, գիտության և գիտական արդյունքի առևտրայնացման ուղղություններում: Իր գործունեության յոթ տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է 26 ծրագիր ավելի քան 15 հազար շահառուի համար։ 

«ԱԲ սերունդ» դպրոցական նախագիծը նույնանուն ծրագրի առաջին բաղադրիչն է, որն իրականացնում է FAST-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ՝ ոլորտային կառույցների գործակցությամբ։ Ծրագրի նպատակն արհեստական բանականության ոլորտի նորարարի և հետազոտողի ողջ կրթական ուղու ձևավորումն է՝ սկսած ավագ դպրոցից։ Մինչև 2026-ը նախատեսվում է ծրագիրը հասանելի դարձնել հանրակրթական դպրոցների աշակերտների ավելի քան 80%-ի համար։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում