Մերձավոր Արևելք

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ամեն ինչ անել Լիբանանում լայնածավալ պատերազմի կանխման համար

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ամեն ինչ անել Լիբանանում լայնածավալ պատերազմի կանխման համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել հնարավոր ամեն ինչ անել՝ Լիբանանում լայնամասշտաբ հակամարտության բռնկումից խուսափելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) ամենամյա գագաթնաժողովի շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսում։

«Այն, ինչ մենք տեսնում ենք Լիբանանում, լայնածավալ գործողություն է՝ զանգվածային ռմբակոծություններով, ակնհայտ է` նաև «Հեզբոլլահ»-ի կողմից…. Մենք տեսնում ենք ահռելի չափերի ողբերգություն։ Մենք պետք է ամեն ինչ անենք Լիբանանում լայնամասշտաբ պատերազմից խուսափելու համար», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: 

Գուտերեշի խոսքով՝ Լիբանանում հակամարտության հետևանքով սպանվածների թիվը կազմում է գրեթե 2000, մոտ 170 000 մարդ փախել է Սիրիա, իսկ տեղահանված անձանց ընդհանուր թիվը գերազանցել է 1 միլիոնը։

Անտոնիու Գուտերեշը նաև դատապարտել է Իսրայելի հարձակումները ՄԱԿ-ի խաղաղապահների վրա, որոնց հետևանքով կան վիրավորներ։ Նա ընդգծել է, որ նման միջադեպերը չպետք է կրկնվեն։

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ից այնտեղ ցամաքային գործողություն է սկսել։ Իսրայելը հայտարարել է, որ թիրախավորում է «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքները և նպատակ ունի անվտանգ պայմաններ ստեղծել Իսրայելի հյուսիսային շրջաններից տեղահանված տասնյակ հազարավոր բնակիչների վերադարձի համար։ 

«Հեզբոլլահ»-ն իր հերթին բազմաթիվ արկեր է արձակում Իսրայելի վրա։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում