Կրթություն

ԿԳՄՍ փոխնախարար Սվաջյանն ընդունել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ տարակարգ ստացած մանկավարժներին

4 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ փոխնախարար Սվաջյանն ընդունել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ տարակարգ ստացած մանկավարժներին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ԿԳՄՍ նախարարությունից։

Ըստ աղբյուրի՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների համար տարակարգի ընթացակարգի ներդրումը նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներից է, որը գործում է 2023 թվականից: Այս պահին ոլորտում տարակարգ է շնորհվել 24 մանկավարժի:

Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի և առաջինը լինելու համարձակության համար. «Դուք տարակարգի ներդրման գործընթացի առաջին շահառուներն եք, ինչը ցույց է տալիս՝ եթե մարդը հետաքրքրված է մասնագիտական առաջընթացով և ջանք է թափում այդ ուղղությամբ, ապա զարգացումն արդեն իսկ առկա է: Այս հանդիպումը հատկապես կարևորում ենք՝ ձեզ լսելու, գործընթացի վերաբերյալ ձեր արձանագրած խնդիրները վեր հանելու, դրա շուրջ հետաքրքրությունը մեծացնելու, հաջորդաբար նաև լավարկման աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև արձանագրած հաջողությունների  մասին խոսելու տեսանկյունից»: Նախարարի տեղակալն առանձնակի ընդգծել է, որ տարակարգի տրամադրման գործիքակազմը, որը խթանում է մասնագիտական զարգացումը և աշխատավարձի բարձրացման հնարավորություն է տալիս, ներդրվել է մանկավարժներին խրախուսելու և ոլորտի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու նպատակով:

Փոխնախարարի գնահատմամբ՝ տարակարգի շնորհման համար սահմանված պահանջներն այնքան էլ խիստ չեն. դրանք փաստաթղթեր են, որոնք վկայում են մանկավարժական, մեթոդական կարողությունների մասին, ինչպես նաև անցկացված պարապմունքներից տեսաձայնագրություններ են, որոնք ուսումնասիրում են փորձագետները: Սահմանված չափանիշներից առնվազն երեքին համապատասխանելու դեպքում հայտ ներկայացնողները կարող են ստանալ տարակարգ: 

«Տարակարգը հնարավորություն է տալիս մանկավարժին նախ և առաջ գնահատել իր հմտություններն ու կարողությունները: Նման ծրագրերը օգնում են հասկանալ՝ ինչից են դժվարանում ոլորտի մասնագետները, ինչի վրա ավելի շատ ուշադրություն պետք է դարձնեն, որ ուղղությամբ զարգանան և այլն»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Գործընթացն առավել հետաքրքրական դարձնելու նպատակով կարևորվել են իրազեկվածության բարձրացումը, մեթոդական ուղեցույցի մշակումը և այլն: 

Նշվում է, որ մանկավարժները ևս շնորհակալություն են հայտնել գործընթացի ներդրմամբ իրենց աշխատանքը գնահատելու և մասնագիտական զարգացման հնարավորության համար: Նրանք, մասնավորապես, նշել են՝ սկզբում անիրական է թվացել տարակարգ ստանալու հնարավորությունը, սակայն հետադարձ կապի ապահովմամբ, հարցերի պարզաբանմամբ և ուղղորդումների արդյունքում համոզվել են, որ այն հաղթահարելի է: Մանկավարժներն ընդգծել են, որ առաջին փորձը ոգևորիչ էր, և տարակարգի մյուս աստիճաններին ևս պատրաստվում են դիմել:

Եզրափակելով հանդիպումը՝ Արաքսիա Սվաջյանը կոչ է արել մանկավարժներին տարածել իրենց փորձառությունն ու ոգևորել գործընկերներին, որպեսզի չվարանեն և դիմեն նախարարություն` որակավորման տարակարգի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում