ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սիրավյանի Փարաջանովը» խորագրով ցուցահանդեսում ընդգրկված են գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանի՝ Փարաջանովին պատկերող հինգ տասնյակից ավելի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներ: Ցուցադրությունը ներառում է նաև կինոռեժիսորի թանգարանի հավաքածուից գործեր, որոնք առավել ընդգրկուն են դարձնում Փարաջանովի սիրավյանական կերպարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը, որ նվիրված է Հենրիկ Սիրավյանի 95, Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին, բացվեց հոկտեմբերի 9-ին Հայաստանի ազգային պատկերասրահում։
Պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը ցուցադրությունը երկխոսություն համարեց երկու արվեստագետների, ինչպես նաև արվեստասերների և արվեստագետների միջև:
«Փարաջանովի 100-ամյակը թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում նշվում է տարբեր միջոցառումներով, և մենք որոշեցինք անմասն չմնալ: Ցուցադրության մեջ մի արվեստագետին դիտարկում ենք մեկ այլ արվեստագետի աչքերով, հայացքով, Փարաջանովին ճանաչում և բացահայտում ենք Սիրավյանի միջոցով: Ցուցադրությանը հետաքրքիր երկխոսություն է ձևավորվել նրանց միջև: Գեղանկարչական և գրաֆիկական յուրատիպ շարքերի միջոցով մենք ուսումնասիրում, մեզ համար խտացնում, նորովի ենք ընկալում Փարաջանովի ուղին Սիրավյանի վրձնի շնորհիվ»,-շեշտեց նա:
Ցուցահանդեսի համադրող Զարուհի Դիլանյանը նկարչի որդու՝ Գագիկ Սիրավյանի հետ երկար աշխատել է ցուցահանդեսի կայացման, ինչպես նաև պատկերագրքի հրատարակման շուրջ: Պատկերագիրքը, որում ներառված են այն բոլոր աշխատանքները, որոնք ընդգրկված են ցուցահանդեսում, եռալեզու է՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն: «Հենրիկ Սիրավյանը 20-րդ դարի կերպարվեստի ականավոր ներկայացուցիչներից է: Առավելապես ստեղծագործել է դիմանկարի և բնանկարի ժանրում: Դիմանկարներ ստեղծելիս նա նախապատվությունը տալիս էր վառ և ինքնատիպ անհատներին և պատահական չէ, որ անվանի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը նկարչին այնքան է տպավորել, որ Սիրավյանը նրան հիսունից ավելի նկարչական և գրաֆիկական ծավալուն աշխատանքներ է նվիրել և հետաքրքիր անվանումներ գտել՝ «Փարաջանովը նռան մեջ», «Խնջույք», «Մաճառ», «Բազմաձեռք Փարաջանով» և այլն»,-ասաց համադրողն ու հավելեց՝ ստեղծագործությունները վառ են, գունեղ են, հարուստ:
Գագիկ Սիրավյանը շնորհակալություն հայտնեց բոլորին ցուցադրության կազմակերպման համար և ընդգծեց՝ ցուցահանդեսը ոչ միայն արվեստագետի և արվեստասերների համար է տոն, այլև ցուցանմուշների, քանի որ դրանք տարիներ շարունակ մի անկյունում սպասում են իրենց ժամին՝ կարոտ լինելով մարդկանց հետ շփմանը:
Անդրադառնալով Սիրավյանի և Փարաջանովի շփմանը՝ նա ասաց, որ երկու արվեստագետներն ընկերներ չեն եղել, սակայն հաճախ են հանդիպել, շփվել: «Հայրս նշել է, որ անմիջապես ընդունել է Փարաջանովի էսթետիկան, ընդունել նրան որպես անհատի, նկարչի և խորապես հասկացել նրան»,-պատմեց Սիրավյանը:
Սերգեյ Փարաջանովի էքսցենտրիկ կերպարը կերտելիս Սիրավյանն առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերել, ինչն էլ խոսում է պորտրետային ճկուն վրձնի մասին: Հանճարեղ ռեժիսորը, որն իր կյանքը յուրօրինակ ձևով էր ապրել և այն վերածել արվեստի դիմակայելով կյանքի դժվարություններին, ազատազրկմանը, հետապնդումներին, Սիրավյանի գործերում ձեռք է բերել ֆանտաստիկ հերոսի դիմագիծ: Թեմատիկ կտավներում Փարաջանովը պատկերված է երևակայական գունագեղ աշխարհում, որտեղ ամեն ինչ ինքնատիպ է ու գեղեցիկ, և այդ աշխարհի կենտրոնում հենց ինքն է՝ մարդ-տոնը։
«Վերջին շրջանում Փարաջանովը մտքիցս դուրս չէր գալիս: Նա մեծ արարիչ էր: Ես հիշում եմ «Սայաթ-Նովա» ֆիլմի նկարահանումների ժամանակ ինչպես էր աշխատում այդ «կենդանի հրաբուխը»: Մենք, իհարկե, նրան չպահպանեցինք: Արդարացումներ չկան, նրան պետք էր ձեռքերի վրա տանել, իսկ այս դիմանկարները միայն մեղքերի քավության փորձ են»,-ասել է Հենրիկ Սիրավյանը:
Ցուցահանդեսը բաց կլինի մեկ ամիս:
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի