Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի առաջին մեդալակիր, դահուկորդ Միքայել Միքայելյանը մեծ խորհուրդ է տեսնում այն հարցում, որ խաղերը ցույց են տալիս համայն հայության միասնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Համահայկական երկրորդ խաղերի առաջին մեդալակիր Միքայել Միքայելյանը առանձնակի կարևորում է Համահայկական խաղերի խորհուրդը` սպորտով համախմբել աշխարհասփյուռ հայությանը:
«Համահայկական խաղերը կարողանում են համախմբել աշխարհասփյուռ հայությանը: Եվ ինձ համար առանձնակի կարևորություն է ստանում այն, որ հենց դահուկասպորտը այդ համախմբող օղակներից մեկն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Միքայելյանը:
Վերջինս մասնակցել է նաև առաջին Համահայկական խաղերին, որոնք կայացել են հեռավոր 2014 թվականին: Վերհիշելով առաջին խաղերի փորձը` Հայաստանի բազմակի չեմպիոնը մասնավորապես ասաց. «Համահայկական առաջին խաղերի ժամանակ ես կարծես դեբյուտ ունեցա: Այն ժամանակ ձգտումս միայն հնարավորինս լավ ելույթ ունենալն էր: Այն ժամանակ ֆավորիտը եղբայրս էր և ինքն էլ հաղթեց»:
Համահայկական առաջին խաղերի ոսկե մեդալակիր էր դարձել նաև Սերգեյ Միքայելյանը` Միքայել Միքայելյանի ավագ եղբայրը:
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի առաջին մեդալակիրները դահուկորդներն են: Տղամարդկանց ազատ ոճում ոսկե մեդալակիր դարձավ Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի կրկնակի մասնակից Միքայել Միքայելյանը, ով ներկայացնում էր Աշոցքը: Երկրորդ տեղում Սպարտակ Ոսկանյանն է, իսկ եռյակը եզրափակում է Թադևոս Պողոսյանը: Երկուսն էլ Աշոցքից են: Կանանց ազատ ոճում առաջին տեղում Հայաստանի բազմակի չեմպիոն Կատյա Գալստյանն է Աշոցքից: Երկրորդ տեղում Վասելինա Խաչատուրյանն է Սոչիից, և երրորդը Ռոզա Սիմոնյանն է Գյումրուց: