Մշակույթ

Մատենադարանում մեկնարկեց «Հիշողության կերպարանքները» 13-րդ միջազգային ամենամյա գիտագործնական եռօրյա սեմինարը

6 րոպեի ընթերցում

Մատենադարանում մեկնարկեց «Հիշողության կերպարանքները» 13-րդ միջազգային ամենամյա գիտագործնական եռօրյա սեմինարը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մատենադարանում մեկնարկել է «Հիշողության կերպարանքները» 13-րդ միջազգային ամենամյա գիտագործնական եռօրյա սեմինարը։ Այն անցկացվում է «Ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրի ներքո։ Սեմինարին մասնակցում են շուրջ 15 երկրից ավելի քան 40 վերականգնողներ, հեղինակավոր գրադարանների, արխիվների և թանգարանների ղեկավարներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ միջազգային սեմինարն իր շուրջն է համախմբում գրավոր ժառանգության պահպանման առաքելություն ունեցող աշխարհի կարևոր հաստատություններին:

«13 տարիների ընթացքում հյուրընկալել ենք ավելի քան 130 միջազգային կառույց, հարյուրավոր մասնագետների, հաստատել նոր գործնական կապեր:Կարևոր այս նախաձեռնության իրականացումը, մասնագիտական ու նյութատեխնիկական հնարավորություններից զատ, պահանջում էր նաև որոշակի բարոյական իրավունք. առաջատար մասնագետների համախմբման միջազգային առաքելությունը նաև էթիկական խնդիր է: Եվ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, որի պատմությունը հայերեն ու այլալեզու գրավոր կոթողների փրկության և պահպանության պատմությունն է, օժտում է մեզ այդպիսին լինելու իրավունքով: Մտածողներից մեկն ասել է՝ հիշողությունը միակ դրախտն է, որից մեզ չեն կարող արտաքսել: Հազարամյակների գրավոր հուշարձաններն այդ դրախտի աշխարհասփյուռ բեկորներն են, որոնք հանգրվանել են հիշողության հաստատություններում՝ թանգարաններում, գրադարաններում, հոգևոր ու գիտական կենտրոններում: Դրանք մեզ են հասել ժամանակի դրոշմներով՝ պատմական հեղաբեկումների, բնական աղետների, ռազմական ընդհարումների ու արհավիրքների հետևանքներով, որ ինքնին պատմություն են պատմության մասին»,- ասաց Խզմալյանը: 

Մատենադարանի տնօրենը ցավով արձանագրեց, որ համաշխարհային մշակութային ժառանգության ոչնչացման ռիսկը որևէ կերպ չի մեղմացել նաև այսօր, երբ, թվում է, մարդկությունն իր քաղաքակրթական ճանապարհի գագաթնակետին է, հետևաբար մասնագիտական ջանքերի մեկտեղումն առաջնահերթություն պետք է լինի բոլոր կառավարությունների, միջազգային հաստատությունների ու սոցիալական պատասխանատվություն ստանձնած մասնավոր կազմակերպությունների համար:

«Այս համատեքստում իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը՝ ի դեմս դեսպան Վասիլիս Մարագոսի, որի աջակցությամբ է նաև ընթանում 13-րդ սեմինարը, ԱրարատԲանկի խորհրդին՝ ի դեմս խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանի, բանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանին: Առանձնակի շնորհակալություն ԱրարատԲանկին Մատենադարանի Ձեռագրերի կենսաքիմիական հետազոտության լաբորատորիայի ստեղծմանն աջակցելու համար, որի բացումը տեղի կունենա սեմինարի շրջանակում: Անշուշտ, Մատենադարանը՝ որպես Հայաստանի Հանրապետության կարևորագույն գիտամշակութային կենտրոն, մշտապես զգում է պետական հոգածությունն ու պատասխանատվությունն իր գործունեության բոլոր ոլորտներում, և ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ ի դեմս նախարար Ժաննա Անդրեասյանի, ով նաև Մատենադարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Եվ, իհարկե, մեր խորին շնորհակալությունն արտասահմանից ժամանած մեր հյուրերին: Համոզված եմ, որ սեմինարով սկիզբ է դրվելու տևական արդյունավետ համագործակցության»,- ասաց Խզմալյանը:

Իր ելույթում անդրադառնալով Մատենադարանի վերականգնման բաժնի գործունեությանն ու հեռանկարային ծրագրերին՝ տնօրենը կանգ առավ երկու ռազմավարական ուղղությունների վրա: 

«Մատենադարանն, ըստ էության, Հայաստանում գրավոր ժառանգության վերականգնման միակ պրոֆեսիոնալ կենտրոնն է և լավագույններից տարածաշրջանում: Բաժինն իր գոյության ավելի քան 60 տարիների ընթացքում կուտակել է հսկայական մասնագիտական փորձ՝ վերականգնելով հազարավոր ձեռագրեր, արխիվային փաստաթղթեր և հնատիպ գրքեր ոչ միայն սեփական հավաքածուներից, այլև Հայաստանի մյուս թանգարաններից ու գրադարաններից: Ավելին՝ Մատենադարանի աջակցությամբ է ստեղծվել Երուսաղեմի Հայոց պատրիարքության վերականգնման բաժինը, տարիներ շարունակ վերապատրաստվել են Իրաքի Էրբիլ քաղաքի Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոնի աշխատակիցները՝ նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ, վերականգնվել է Բոստոնի հայկական թանգարանի ձեռագրական հավաքածուն և այլն: Ըստ Մատենադարանի զարգացման նոր ռազմավարության՝ ընդլայնվելու է Մատենադարանի պատասխանատվությունը գրավոր ժառանգության վերականգնման ոլորտում՝ ընդգրկելով նաև աշխարհի տարբեր անկյունների հայ հոգևոր-ձեռագրական կենտրոնները, որոնց ներկայացուցիչներն այսօր արդեն մեր սեմինարի մասնակիցներն են: Մատենադարանի տեխնիկական վերազինումն  ու ենթակառուցվածքային բարեփոխումները նաև այս նպատակն են հետապնդում: Սրանից ելնելով է նաև, որ 2025 թվականին նախատեսում ենք հիմնել «Գրավոր ժառանգության վերականգնում» մագիստրոսական ծրագիրը՝ Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ»,- նշեց Խզմալյանը: 

Նա հույս հայտնեց, որ գործընկերների հետ համատեղ կմշակեն և կյանքի կկոչեն համաշխարհային գրավոր ժառանգության պահպանման համակարգի կատարելագործման կենսունակ ծրագրեր, և այդ գաղափարների խմորման լավագույն հարթակը կարող է լինել «Հիշողության կերպարանքները» ամենամյա միջազգային սեմինարը:

Մանվել Մարգարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում