Միջազգային աստղագիտական միության CAP2026 համաժողովն աշխատանքներն է սկսել Երևանում
3 րոպեի ընթերցում

Մայրաքաղաքում մայիսի 25-ին մեկնարկեց Միջազգային աստղագիտական միության՝ աստղագիտության հանրայնացման միջազգային համաժողովը (CAP2026)։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մասնակցում են աստղագիտության հանրայնացման ոլորտի մասնագետներ գրեթե բոլոր աշխարհամասերից, որոնք Հայաստան են ժամանել փորձի փոխանակման, մասնագիտական հմտությունների զարգացման և համագործակցության նոր հնարավորությունների ստեղծման մղումով։
Արծարծվող թեմաները հիմնականում վերաբերում են գիտական լրագրությանը, աստղագիտության հանրայնացման մեջ արհեստական բանականության կիրառմանը, սոցիալական մեդիային, աստղագիտական հանրային-կրթական ծրագրերին և գիտության հանրայնացման ժամանակակից գործիքներին։
Երևանում համաժողովին ներկա են 34 երկրի 85 պատվիրակներ, բայց գրեթե եռակի շատ են հեռավար ձևաչափով մասնակիցները։ Այդ հաշվարկով համաժողովին ընդհանուր առմամբ ներգրավված են 213 պատվիրակներ՝ 56 երկրից։
Մասնակիցներին ողջունեց և արգասաբեր աշխատանք մաղթեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, որը նաև անդրադարձավ աստղագիտության հանրային նշանակությանը և ոլորտի հանրայնացման կարևորությանը, հատկապես՝ տեխնոլոգիաների բուռն զարգացման ներկայիս ժամանակաշրջանում։ Նա նշեց, որ Հայաստանն առաջին անգամ է հյուրընկալել այսպիսի ուղղվածության համաժողով, որն անցկացվում է երկամյա պարբերականությամբ։
«Աստղագիտության հանրայնացումը ներառում է մասնագիտական գործունեության տարբեր ոլորտներ՝ գիտական, մասնավորապես, աստղագիտական լրագրություն, գիտական տուրիզմ, կրթական ծրագրեր և այլն։ Ըստ այդմ, համաժողովին մասնակցում են ոչ միայն աստղագետներ, այլև ուրիշ ոլորտների մասնագետներ։ Քննարկվող թեմաները գերազանցապես առնչվում են աստղագիտության հանրայնացմանը ժամանակակից տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառմամբ։ Ներկայացվել են տարբեր հավելվածներ և հարթակներ։ Կիրառվող RingCentral հեռավար շփման հարթակը թույլ է տալիս միաժամանակ հետևել երեք տարբեր դահլիճներում ծավալվող իրադարձություններին և քննարկումներին»,- «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց նա։
Առաջին օրվա զեկույցներից Արեգ Միքայելյանն առանձնացրեց Պամելա Գեյի (ԱՄՆ) ելույթը՝ նվիրված գիտության հանրայնացման ոլորտում արհեստական բանականության մեթոդների կիրառմանը։
Մեր զրուցակիցը նշեց նաև, որ առաջիկայում աշխատանքներ են իրականացվելու տարբեր աստղեր հայ երևելի գիտնականների անուններով կամ աստղագիտությանն առնչվող տեղավայրերի անվանումներով պաշտոնապես անվանակոչելու ուղղությամբ։ Հայկական կողմն այդ նպատակով դիմելու է Միջազգային աստղագիտական միության համապատասխան հանձնաժողով։
Միջազգային համաժողովն ամփոփվելու է մայիսի 29-ին։
Նախկինում Հայաստանում անցկացվել են Միջազգային աստղագիտական միության 7 գիտաժողովներ՝ նվիրված տարբեր թեմաների։
