Հայաստանը հանդես կգա Ասիայի աստղադիտակների համընդհանուր ցանց ձևավորելու առաջարկով. Արեգ Միքայելյան
8 րոպեի ընթերցում

Հայաստանը պատրաստվում է առաջին անգամ հյուրընկալել Միջազգային աստղագիտական միության նշանակալի միջոցառումներից մեկը՝ Աստղագիտության հանրայնացման միջազգային համաժողովը (CAP2026), որն անցկացվելու է մայիսի 25-29-ը Երևանում։
Պատմական այս իրադարձության ընթացքում մեր երկիրը, ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, հանդես է գալու շրջադարձային նշանակության գլոբալ առաջարկով։
Հայաստանը ցանկանում է նախաձեռնել Ասիա աշխարհամասի հիմնական աստղադիտակների օպերատորների ներգրավմամբ համագործակցության համընդհանուր ցանցի ստեղծում՝ եվրոպական OPTICON-ի օրինակով։ Միջազգային աստղագիտական միության համակարգող ցանցը՝ OPTICON-ը, միավորում է եվրոպական օպտիկական և ինֆրակարմիր բոլոր միջին և խոշոր չափի աստղադիտակների օպերատորներին, համապատասխան տվյալների ամենամեծ արխիվներին և որոշ օգտատերերի: OPTICON-ի գործընկերներն իրենց համայնքների հետ համատեղ բացահայտում են եվրոպական օպտիկական-ինֆրակարմիր աստղագիտության հետագա զարգացման հիմնական խնդիրները, որոնց լուծումը պահանջում է համաեվրոպական գործակցություն։
Կարելի է ենթադրել, որ Հայաստանի պատրաստած այս առաջարկն առնվազն քննարկման առանցքային թեմաներից կլինի առաջիկա համաժողովում։ Մինչ այդ նշենք, որ CAP2026-ը փորձի փոխանակման, մասնագիտական հմտությունների զարգացման և համագործակցության նոր հնարավորությունների ստեղծման գրավիչ հարթակ է, որը համախմբել է աստղագիտության հանրայնացման ոլորտի մասնագետներին տարբեր երկրներից։
Համաժողովի հիմնական թեմաներն առնչվելու են գիտական լրագրությանը, աստղագիտության հանրայնացման գործում արհեստական բանականության կիրառմանը, սոցիալական մեդիային, աստղագիտական հանրային-կրթական ծրագրերին և գիտության հանրայնացման ժամանակակից գործիքներին։
«CAP շարքի միջոցառումներն անցկացվում են երկու տարվա պարբերականությամբ։ Հայաստանը էստաֆետն ընդունել է Ֆրանսիայի Թուլուզ քաղաքից։ Սա գիտության հանրայնացման, հաղորդակցության ընդլայնման ոլորտի, կարելի է ասել, գլխավոր գիտաժողովն է։ Տարբեր երկրներից Երևան են ժամանելու շուրջ 85 առաջատար մասնագետներ։ Բացի այդ, մոտ 100 պատվիրակ էլ տեղեկացրել է հեռավար ձևաչափով մասնակցելու մտադրության մասին»,- հայտնեց Արեգ Միքայելյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ համաժողովի ծրագիրը գրավիչ և բազմաբովանդակ է՝ թեմաներն առնչվում են աստղագիտության և կրթության համադրմանը, գիտության այս ճյուղի հանրայնացմանը, պլանետարիումների աշխատանքի կազմակերպմանը և հետաքրքիր այլ նախագծերի, այդ թվում՝ համակարգչային ծրագրերի, տարբեր հավելվածների միջոցով աստղագիտության նկատմամբ հետաքրքրության աճի խթանմանը։ Դրանց վերաբերյալ քննարկումներին մասնակցելու, զեկույցներով հանդես են գալու միջազգային խոշոր նախագծերի ներկայացուցիչներ։

Արեգ Միքայելյանի տեղեկացմամբ՝ հատուկ նստաշրջան է նվիրվելու աստղագիտական տուրիզմի զարգացմանը, որի նախաձեռնողներից է Հայաստանը։ Մեր երկիրը հայտնի է իր աստղադիտարաններով, հնագույն աստղագիտական վայրերով, գիտությանը, հատկապես՝ աստղագիտությանն առնչվող թանգարաններով, որտեղ կազմակերպվելիք այցելությունները կարող են հրապուրել գիտությամբ հրապուրված զբոսաշրջիկներին։
Մասնակիցները չեն շրջանցելու հնագույն աստղագիտական վայրերի հետ կապված թեմաները, որոնք, ըստ Միքայելյանի, ներկայում շատ պոպուլյար են աշխարհում, գրավում են լայն հասարակության ուշադրությունը։ Հայաստանն այս առումով միանգամայն ներկայանալի է աշխարհում․ նույն Զորաց քարեր համալիրը, հնագույն օրացույցները և ժայռապատկերները առեղծվածայնության և գրավչության առումով ունակ են դառնալու մեր երկրի հանրահայտ այցեքարտերից։
Արեգ Միքայելյանը կարևորեց նաև գիտական լրագրության դերը ոլորտի հանրայնացման գործում։ Նա նկատեց, որ վիճակագրության համաձայն, աշխարհում գիտական լրագրությունը 80-90 տոկոսով վերաբերում է տիեզերքի թեմաներին։
Հայ գիտնականը նույնպես պատրաստել է զեկույց, որում անդրադառնալու է Հարավ-արևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում աստղագիտության հանրայնացմանն ուղղված աշխատանքներին։ Տեղին է նշել, որ Միջազգային աստղագիտական միությունը 2015 թվականին նշված տարածաշրջանի կենտրոնի կարգավիճակ է շնորհել Բյուրականի աստղադիտարանին, որը լինելով աշխարհի 11 աստղագիտական տարածաշրջանային կենտրոններից մեկը՝ համակարգում է Հայաստանում, Վրաստանում, Իրանում, Ղազախստանում, Տաջիկստանում և Թուրքիայում իրականացվող աստղագիտական աշխատանքները։
Արեգ Միքայելյանը հայտնեց նաև, որ Հայաստանն ակտիվորեն նպաստում է վիրտուալ աստղագիտության զարգացմանը։ Մեր երկիրն աշխարհի 20 երկրներից է, որոնք ունեն վիրտուալ աստղադիտարան։
«Այս առումով նույնպես կարող ենք առաջատար դառնալ մեր տարածաշրջանում։ Արդեն հանդես ենք եկել վիրտուալ աստղագիտության զարգացման նախաձեռնությամբ, որը ներառում է նաև կրթական բաղադրիչը։ Տիեզերքի գաղտնիքներին ծանոթանալու և դրանց ուսումնասիրության ուսումնական բազմաթիվ ծրագրեր կան։ Իրականում դա շատ ավելի էֆեկտիվ է, քան, ասենք, տիեզերական օբյեկտներին դիտակներով հետևելը։ Դիտակով նայելիս՝ մարդը ոգեշնչվում է, բայց հետո ցանկանում է ավելի մանրամասն ուսումնասիրել, ինչն արդեն իրականացվում է համակարգիչների, տարբեր ծրագրերի միջոցով»,- ներկայացրեց Միքայելյանը։
Ի դեպ, Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում էին Արեգ Միքայելյանը, Բյուրականի աստղադիտարանի միջոցառումների համակարգող Անի Դավթյանը և հանրային կապերի բաժնի ղեկավար Գայանե Բալեյանը, մայիսի 3-8-ը մասնակցել էին Չինաստանի Սյանգան քաղաքում կայացած Միջազգային աստղագիտական միության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային 16-րդ հանդիպմանը (APRIM 2026)։ Միքայելյանը և Դավթյանը հանդես էին եկել զեկույցներով, իսկ Բալեյանը՝ թեմատիկ գիտապաստառով։
«Դա տարածաշրջանի ամենահեղինակավոր աստղագիտական գիտաժողովներից է, որն անցկացվում է երեք տարին մեկ։ Մասնակցում էին շուրջ 450 պատվիրակներ՝ 38 երկրներից։ Քննարկվեցին աստղաֆիզիկայի և տիեզերագիտության արդիական թեմաներ՝ ներառյալ էկզոմոլորակները, գրավիտացիոն ալիքները, տիեզերագիտությունը, ռադիոաստղագիտությունը, ինչպես նաև գիտական համագործակցության և աստղագիտական կրթության և հանրայնացման զարգացմանն առնչվող հարցեր։ Կազմակերպվել էին նաև հատուկ հանդիպումներ և հանրային միջոցառումներ՝ նվիրված աստղագիտական կրթությանը, գիտության հանրայնացմանը և տիեզերական տեխնոլոգիաների զարգացմանը։
Հայաստանցի մասնակիցներս ներկայացրեցինք վերջին տարիներին մեր կատարած աշխատանքները, համագործակցությունը հարևան երկրների հետ և տարածաշրջանային կենտրոնի գործունեությունը»,- պատմեց Միքայելյանը։
Գիտնականն ակնկալում է, որ նույնքան արդյունավետ կլինի նաև երևանյան համաժողովը, որը համատեղ քննարկումներից և հանդիպումներից բացի կուղեկցվի նաև մասնագիտական նոր կապերի ու համագործակցության հնարավորությունների ձևավորմամբ։
Հավելենք, որ առաջիկա համաժողովը, ինչպեսև տարվա ընթացքում նախատեսված մյուս բոլոր միջոցառումները, նվիրված են Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 80-ամյակին, որը նշվում է այս տարի։ Դրան նվիրված միջազգային խոշոր գիտաժողով է նախատեսված սեպտեմբերին։
