Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը հունիսի 4-ին կընդունի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեսյբուք»-ի իր էջում կատարած գրառման մեջ։
«Վաղը Կառավարությունը կընդունի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի (լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ) արտահանումը: Ինչպես նաև կվերադարձնենք ԵՄ արտահանվող թարմ պտուղ/բանջարեղենի ու ծաղիկի մաքսատուրքը: Մրգի արտահանման սուբսիդավորումը կներկայացվի հաջորդիվ»,-գրել է Հարությունյանը՝ հավելելով, որ մանրամասները կներկայացվեն վաղը Կառավարության նիստում։
Ռուսաստանը վերջին շրջանում ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ Հայաստանի իշխանություններին կոչ է արել արագ կողմնորոշվել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանին կոչ է արել այդ հարցով հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե կազմակերպել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ այս պահին այդպիսի հանրաքվեի համար հիմք չի տեսնում, քանի որ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական հայտ չի ներկայացրել։ Հայաստանին հանրաքվե անցկացնելու կոչ պարունակող հայտարարություն էին ընդունել նաև ԵԱՏՄ անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահները։
ՌԴ-ն Հայաստանին կողմնորոշվելու կոչեր անող հայտարարություններին զուգահեռ վերջին օրերին սահմանափակումներ է կիրառել հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, Ռուսաստանն արգելել է Հայաստանից ծաղիկների, ալկոհոլային որոշ խմիչքների, ձկնամթերքի, «Ջերմուկ» հանքային ջրերի ներմուծումը, սահմանափակումներ կիրառել հայկական բանջարեղենի, մրգերի ներմուծման նկատմամբ։