ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով՝ տարբեր տեսակի ընդհանուր շուրջ 14կգ. թմրամիջոցների՝ իրացման նպատակով ապօրինի շրջանառության դեպք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
«Հոկտեմբերի 4-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ, Մեղրիի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ոստիկանության ծառայողները հոկտեմբերի 4-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, արձանագրել են Մեղրի-Կապան Մ17 ավտոճանապարհի՝ ԻԻՀ-ՀՀ սահմանի մոտ կայանված «Նիսսան Բլյուբիրդ» մակնիշի ավտոմեքենան։ Վերջինիս վարորդը՝ Երևան քաղաքի 38-ամյա բնակիչը, վերցնելով թմրամիջոցի փաթեթը, նետել է ճանապարհի մյուս հատվածը՝ նշված ավտոմեքենայի ուղևոր, Երևան քաղաքի բնակիչ հանդիսացող 39-ամյա տղամարդու ուղղությամբ: Թմրամիջոցների մաքսանենգություն և ապօրինի շրջանառություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով վերջիններս տեղափոխվել են ոստիկանության Մեղրիի բաժին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նշված երկու անձինք ձերբակալվել են»,- ասված է հաղորդագրության մեջ:
Քննիչների կողմից կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է թվով 3 փաթեթ, որոնցում առկա են 0.51 կգ համաքաշով «Ափիոն», 0.53կգ. համաքաշով «Հաշիշ», 0.04 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ», 1.150 կգ համաքաշով «Մետամֆետամին» և 11.680կգ. համաքաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ և 0.110 գրամ գունավոր «Love», «Audi» գրառումներով դեղահաբեր:
Հայտնաբերված զանգվածներով նշանակվել է դատաքիմիական և դատաբուսաբանական համալիր փորձաքննություն:
«ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ հայտնաբերված և փորձաքննության ներկայացված զանգվածների մի մասը, ըստ հետազոտության արդյունքների, առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին», մի մասն էլ՝ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է, իսկ մնացած մասով փորձաքննությունը շարունակվում է:
Տվյալներ են ստացվել այն մասին, որ նախաքննությամբ դեռևս ինքնությունը չպարզված ԻԻՀ քաղաքացին, նախնական համաձայնության գալով ՀՀ վերոնշյալ երկու քաղաքացիների հետ, պայմանավորվել է հայ-իրանական միջպետական սահմանի վրայով, մաքսանենգ ճանապարհով, ԻԻՀ-ի պետական տարածքից ՀՀ պետական տարածք փոխանցել թմրամիջոցներ, որոնք ՀՀ նշված քաղաքացիները իրացման նպատակով պետք է տեղափոխեին Երևան:
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ՀՀ քաղաքացի 38 և 39-ամյա տղամարդկանց ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Միջնորդություններ են ներկայացվել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոնք բավարարվել են:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ թմրամիջոցների մաքսանենգության մեխանիզմը, դրանում և թմրամիջոցների ապօրինի իրացման շղթայում հնարավոր այլ անձանց ներգրավվածության հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: