Կրթություն

Ռոբոտաշինական միտքը՝ երևակայության զարգացման լավագույն միջոց. Creative Systems-ը ներկայացավ ԴիջիԹեք-ում

3 րոպեի ընթերցում

Ռոբոտաշինական միտքը՝ երևակայության զարգացման լավագույն միջոց. Creative Systems-ը ներկայացավ ԴիջիԹեք-ում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Creative Systems ընկերությունը, որը միտված է տեխնիկական կրթությունը մեթոդաբանության, սարքավորումների և ուսումնական ծրագրի հիման վրա կազմակերպելուն, հոկտեմբերի 4-ին ներկայացավ ԴիջիԹեք ցուցահանդեսին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Creative Systems ընկերության տնօրեն Արմեն Գյոկչյանն ասաց՝ զբաղվում են կրթական տեխնոլոգիաներով, որոնք նախատեսված են չորս տարեկանից բարձր երեխաների համար։

«Երեխաները սովորում են տրամաբանություն, ռոբոտաշինություն։ Ունենք նաև «Հայկի ակադեմիա» մուլտիմեդիա ինտերակտիվ ծրագիրը, որի շրջանակում երեխաները կարող են փորձեր կատարել իրենց տարիքի երիտասարդ գիտնական Հայկի օգնությամբ։ Ռոբոտաշինության ծրագրերը, որոնք իրականացրել ենք, տարբեր են։ Ունենք ձեռնարկներ, որոնցով կարելի է կառուցել 16 տեսակի ռոբոտ, որոնք մեխանիկական են և 14 տեսակի ծրագրավորող ռոբոտներ, որոնց թիվը երեխան երևակայության շնորհիվ կարող է ավելացնել»,- պատմեց նա։

Ըստ Գյոկչյանի՝ ռոբոտաշինությունը երեխային հնարավորություն է տալիս սիրել ինժեներական արվեստը։ «Երբ երեխան մի բան է ստեղծում և դա իրեն հաջողվում է, մոտիվացվում է, ցանկանում է ավելի խորը գիտելիքներ ստանալ և ինքնուրույն մտածել»,-հավաստիացրեց Գյոկչյանը։

Ընկերությունը համագործակցում է մի քանի մասնավոր մանկապարտեզի հետ, այժմ փորձում են բանակցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ՝ հանրակրթական դպրոցների հետ աշխատելու նպատակով։

Creative Systems-ը համագործակցում է CreaVerse ստեղծագործական և թվային տեխնոլոգիաների կիբեռդպրոցի հետ, որտեղ սովորում են 6-14 տարեկան երեխաներ։ «Նրանք սովորում են պրեզենտացիաներ, անիմացիաներ և այլ բաներ ստեղծել, սովորում են այն, ինչ անհրաժեշտ է ապագա մասնագետին կամ ուղղակի քաղաքացուն։ Դպրոցը արտադասարանային կրթություն է  ապահովում»,- տեղեկացրեց Արմեն Գյոկչյանը։

Նա հպարտությամբ նշեց, որ դպրոցի աշակերտները կես տարի պատրաստվել են և մասնակցել Ճապոնիայում կայացած Universal Robotics Challenge մրցույթին, որտեղ Հայաստանի թիմը գրավել է 5-րդ տեղը, ինչը մեծ արձագանք է գտել ոչ միայն մրցույթի կազմակերպիչների, այլև միջազգային մրցակիցների շրջանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում