«Իդրամ»-ը բացեց իր QR-ենթակառուցվածքը Հայաստանի ֆինանսական կազմակերպությունների համար

11 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ֆինանսական շուկայում նշանակալի իրադարձություն է տեղի ունենում: Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած միջոցառման մեկնարկն այսպիսի բառերով ազդարարեց «Իդրամ» ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը: Նա հայտարարեց, որ «Իդրամ QR-ենթակառուցվածքն» այսուհետ բաց և հասանելի է դառնում Հայաստանի այլ ֆինանսական կազմակերպությունների համար: Միաժամանակ, «Իդրամ» և «ArCa» ընկերությունները ստորագրեցին QR-վճարումների ավելի ընդգրկուն ենթակառուցվածք ստեղծելու մասին հուշագիր: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արսեն Քդենյանը տեղեկացրեց, որ ֆինանսական յուրաքանչյուր կազմակերպություն միանալով «Իդրամ QR-ենթակառուցվածքին»՝ հնարավորություն կտա իր հաճախորդներին իրենց իսկ հավելվածներով սքանավորել «Իդրամի» QR պիտակները և վճարումներ կատարել Հայաստանի ավելի քան 22 հազար վաճառակետերում: Բանախոսը նշեց, որ բաց ենթակառուցվածքը ձևավորվել է երկարատև քննարկումների արդյունքում:

«Գլխավոր նպատակն էր Հայաստանում ստեղծել անկանխիկ վճարումների ևս մեկ անկախ ենթակառուցվածք, որը տարբեր ֆինանսական կազմակերպությունների՝ Բանկերի և վճարահաշվարկային ընկերությունների հաճախորդներին հնարավորություն կընձեռի QR կոդի միջոցով վճարումներ կատարել Հայաստանի ողջ տարածքում: Ուրախ ենք, որ հենց առաջին օրվանից այս նախաձեռնությանը միանալու ցանկություն հայտնեցին «Evocabank»-ը, «Fast Shift»-ը, «Upay»-ը, «EasyPay»-ը, ինչպես նաև «Converse Bank»-ը: Մենք շարունակելու ենք բանակցությունները այլ բանկերի և ֆինանսական կազմակերպությունների հետ»,- հայտնեց Արսեն Քդենյանը:

Նա հայտարարեց, որ նույնքան կարևոր իրադարձություն է «ArCa» ընկերության հետ QR-վճարումների ավելի ընդգրկուն ենթակառուցվածք ստեղծելու հուշագրի ստորագրումը:

«Սա նշանակում է, որ «Իդրամ» և «Armenian card» ընկերությունները միավորում են իրենց ջանքերը միասնական, փոխգործելի, բաց և զարգացման մեծ հեռանկար ունեցող ենթակառուցվածք ունենալու համար: Այս համաձայնագրի շրջանակներում երկու ընկերություններն իրենց ջանքերը կմիավորեն հայաստանյան ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցների համար թափանցիկ, հուսալի և արդյունավետ ենթակառուցվածք ստեղծելու շուրջ: Սակայն, լիահույս ենք, որ համատեղ ջանքերով կկարողանանք ընդլայնել այս համագործակցությունը և ընդգրկել QR-ենթակառուցվածք զարգացնող այլ երկրների՝ ավելի մեծ հնարավորություններ ընձեռելով ինչպես մեր վաճառակետերին, որոնցում արտասահմանցի զբոսաշրջիկները կկարողանան վճարումներ կատարել իրենց հավելվածներով, այնպես էլ Հայաստանի բնակիչներին, որոնք կկարողանան իրենց հավելվածներով վճարումներ կատարել այլ երկրներում: Ավելացնեմ, որ այս նախաձեռնությունը համահունչ է «Իդրամ»-ի քաղաքականությանը: «Իդրամ»-ը բոլորի համար է՝ երեխաների և մեծահասակների, վաճառակետերի և վճարողների, հիմա արդեն նաև ֆինանսական այլ կազմակերպությունների հաճախորդների համար»,- հայտարարեց Արսեն Քդենյանը:

«Armenian card» ընկերության տնօրեն Վարդան Խաչատրյանի խոսքով՝ «Իդրամ» ընկերության մշակված միասնական QR համակարգը կարևոր քայլ է երկրի անկանխիկ վճարումների զարգացման գործում։ Նա նշեց, որ «Armenian card» ՓԲ ընկերությունը լինելով ազգային վճարային համակարգ, սպասարկելով 2.5 միլիոն քարտ և ավելի քան 80.000 տնտեսվարողի՝ այժմ ստանձնում է բաց QR համակարգի անդամ վճարահաշվարկային համակարգի մասնակիցների փոխգործելիության ապահովման տեխնոլոգիական ենթակառուցվածքի և միասնական քլիրինգային կենտրոնի դերը։

«Կարևորում ենք շուկայում վճարային նոր գործիքների ստեղծումը և տարածումը՝ նպատակ ունենալով խթանելու Հայաստանի վճարահաշվարկային համակարգի զարգացումը և ապահովելու երկրի վճարային սուվերենությունը: Հաշվի առնելով հայաստանյան բանկային համակարգում «Armenian card» ընկերության քարտային վճարումների իրականացման բազմամյա փորձը՝ վստահորեն կարող ենք ասել, որ մեր ընկերության միջոցով QR-վճարումների փոխգործելիության ապահովումն ավելի քան իրատեսական է և համահունչ մեր ռազմավարական նպատակներին»,- ընդգծեց նա:  

Վարդան Խաչատրյանն արձանագրեց՝ «Armenian card» ընկերությունը, համատեղելով «Իդրամ»-ի այս նորարարությունը իր ծրագրային և տեխնիկական լուծումներին, պատրաստ է աջակցել նորարարական վճարային տեխնոլոգիաների զարգացմանը՝ ապահովելով առավել հարմար, արագ և անվտանգ վճարումներ։ Նշվեց, որ այս նախաձեռնությունը կնպաստի նաև երկրի թվային էկոհամակարգի զարգացմանը՝ ստեղծելով փոխգործելի վճարային ցանց, որը կնպաստի տնտեսության ընդլայնմանը և անկանխիկ մշակույթի ամրապնդմանը:

«Իդրամ»-ի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանն էլ նշեց, որ ենթակառուցվածք ասելով նկատի չունեն միայն տեխնիկական լուծումը:

«Նկատի ունենք նաև ֆինանսական կառույցների և առևտրային կետերի գործընկերների հետ հարաբերությունների, տեխնիկական հարցերի կարգավորում, ինչպես նաև հաճախորդների աջակցման մեխանիզմների ստեղծում և կատարելագործում։ Մենք հոգացել ենք, որ ենթակառուցվածքն աշխատի անխափան և սպասարկի հետզհետե աճող վճարումների ամբողջ ծավալը: QR ենթակառուցվածքը զարգացնում ենք Հայաստանի ողջ տարածքում: Այդ նպատակով ստեղծվել է գործընկերների հետ աշխատանքի տեխնիկական աջակցության և սպասարկման հիմք, որը ժամը 9:00-00:30-ը հասանելի է առանձին հեռախոսահամարով և առանձին կոնտակտներով: Ենթակառուցվածքի հուսալիությունն ապահովելու համար ստեղծվել են տարատեսակ մոնիթորինգային գործիքներ, նաև արագ աջակցության տեխնիկական թիմ, որը տեղում կարող է լուծել ծագած ցանկացած հարց»,- ասաց նա:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Հայաստանում մեծ տեղ է հատկացվում անկանխիկ վճարումներին: Նա կարևորեց, որ մրցակցող ֆինանսական կազմակերպությունները կարողացել են գտնել փոխգործակցության հնարավորություն:

«Open QR» նախագծին միացած առաջին բանկը «Evoca»-ն է, որի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը նշեց.

«Այսուհետ մեր հաճախորդները պարզապես սքանավորելով «Իդամ»-ի QR-ն իրենց «EvocaTOUCH» հավելվածի QR բաժնից՝ կարող են վճարումներ կատարել բոլոր այն կետերում, որտեղ գործում է «Իդրամ»-ը։ Այս համագործակցությունն ապացուցում է, որ մեր հաճախորդներն ու նրանց հարմարավետությունը մեզ համար առաջնային նշանակություն ունեն»:

«Fast Shift» ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանն ընդգծեց.

«Open QR-ը բաց համագործակցության առաջին փորձն է Հայաստանի ֆինանսական շուկայում: «Fast Shift»-ը վճարահաշվարկային ընկերություններից առաջինն է միացել Open QR-ին և նպաստելու է այս գաղափարախոսության տարածմանը։ Կլինենք բաց ու վստահելի գործընկերության և հաճախորդակենտրոն գործելաոճի մշակույթն արմատավորելու առաջատարներից»:

«Upay» ընկերության տնօրեն Հասմիկ Գևորգյանը նույնպես նկատեց, որ ուրախ են միանալու «Իդրամ» ընկերության այս նախաձեռնությանը՝ հաշվի առնելով իրենց ռազմավարությունը, որն ուղղված է Upay էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի փորձառության շարունակական բարելավմանը։

«Արագ և անհպում վճարումներն այսօր ժամանակի հրամայականն են դարձել և միանալով այս նախագծին՝ մենք ևս մեկ քայլ ենք կատարում մեր հաճախորդներին արագ և հասանելի վճարային լուծումներ տրամադրելու ուղղությամբ։ Կարծում եմ՝ «Բաց QR» ենթակառուցվածքի շուրջ համագործակցությունը թույլ կտա նոր վճարային էկոհամակարգ ստեղծել Հայաստանում»,- ասաց նա: («Յուփեյ» ընկերությունը հիմնադրվել է Ucom-ի կողմից):

«EasyPay» ընկերության տնօրեն Մհեր Գալստյանը ևս կարևորեց այս համագործակցությունը, որի շնորհիվ հաճախորդները կկարողանան easywallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով QR վճարումներ կատարել վաճառակետերի բավականին մեծ ցանցում։

«Առհասարակ, սա ևս մեկ քայլ է դեպի open banking (ինչի կայացման ուղղությամբ ակտիվորեն աշխատում է ՀՀ ԿԲ-ն), քանի որ open QR-ի շրջանակներում չկան իմ և քո հաճախորդներ, ընդհակառակը՝ հաճախորդը բոլորինն է, իսկ ֆինանսական ընկերությունները պետք է ջանան մարդկանց ներգրավել ճկուն, խելացի լուծումների և սակագնային քաղաքականության միջոցով։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Իդրամ» ընկերությանը՝ նման ռազմավարական որոշման և շուկայում բաց մտածելակերպի մշակույթը խթանելու համար»,- նշեց նա:

«Converse» բանկի տեղեկատվական տեխնոլոգիաների և թվայնացման դեպարտամենտի տնօրեն Բենիամին Թադևոսյանը նշեց.

«Մեր բանկը, ելնելով հաճախորդների կարիքներից, քայլելով ժամանակի պահանջներին համահունչ, աստիճանաբար ընդլայնում է թվային հարթակներում մատուցվող ծառայությունների ցանկն ու գործիքակազմը, ներդնում նոր հնարավորություններ՝ հաճախորդների ֆինանսական կյանքը դարձնելով ավելի հարմարավետ: Այս համագործակցության շնորհիվ նրանց հասանելի վճարային լուծումները կհամալրվեն ևս մեկով»:

«Իդրամ»-ի և Open QR ենթակառուցվածքին միացած ընկերությունների ներկայացուցիչները ստորագրեցին համագործակցության հուշագրեր։ «Իդրամ» ընկերությունը տեղեկացնում է, որ բաց է Հայաստանում գործող բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների հետ համագործակցության համար:

Հրայր Նազարյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի 

 

Հայերեն

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին