Կրթություն

Հանրային քննարկման է ներկայացվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի լրամշակված նախագիծը

8 րոպեի ընթերցում

Հանրային քննարկման է ներկայացվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի լրամշակված նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, այն միտված է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ իրավական հենքի ապահովմանը՝ ի թիվս այլնի նպաստելով ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով նախանշված թիրախների իրականացմանը:

Ոլորտները կարգավորող օրենսդրության արդի վիճակը և փոփոխման անհրաժեշտությունը

Բարձրագույն կրթության և գիտության ոլորտները կարգավորող գործող օրենքները ընդունվել են շուրջ երկու տասնամյակ առաջ, և դրանց ընդունման պահից ի վեր բարձրագույն կրթության և գիտության համակարգերում իրականացվել են կարևոր կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներ, այդ թվում՝ միջազգային կրթական և գիտական լայն համագործակցային ձևաչափերին անդամակցության արդյունքում, որոնց իրականացման ամբողջականությունն ու արդյունավետությունն անհնար է ապահովել օրենսդրական կարգավորումների բացակայության կամ անբավարարության պայմաններում։

Միևնույն ժամանակ գիտության ոլորտում 2021 թվականից իրականացվող պետական քաղաքականությունը և ֆինանսավորման կտրուկ ավելացումը առաջ են բերել նաև օրենսդրական մակարդակի փոփոխությունների կարիք ինչպես ավելացվող ֆինանսավորման առավել արդյունավետ կառավարման տեսանկյունից, այնպես էլ դրա առավել թիրախային ուղղորդման իմաստով:

Բարձրագույն կրթության ոլորտում օրենսդրական փոփոխությունները միտված են ոլորտի միջազգային մրցունակության բարձրացմանը և որակի պետական հսկողության բարձր չափանիշների սահմանմանը, ինչը կնպաստի մատուցվող կրթական ծառայությունների որակի բարձրացմանը: Միևնույն ժամանակ վերանայվում են ոլորտի ֆինանսավորման մեխանիզմները և ուսանողներին տրամադրվող պետական աջակցության տրամաբանությունը:

Օրենքի նախագծով նաև ստեղծվելու են իրավական հիմքեր պետական բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունների հետ ինտեգրման համար` ապահովելով նոր ստեղծվող բուհերում կառավարման մասնակցային մեխանիզմներ:

Օրենքի նախագծի հիմնական նպատակները և ակնկալվող արդյունքները

Այսպիսով, նոր օրենքի նախագիծը նպատակ ունի վերացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտին առնչվող առանցքային օրենսդրական բացերն ու անհամապատասխանությունները, ինչպես նաև ապահովել ոլորտների համաչափ և համընթաց զարգացմանն ուղղված քաղաքականության ձևավորման և իրականացման հետևյալ հիմքերն ու պայմանները,

աջակցություն բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մրցունակ և դիմակայուն համակարգերի ձևավորմանը, կրթության որակի շարունակական բարելավմանը և ժամանակի պահանջներին համահունչ կրթության կազմակերպմանը,

բարձրագույն կրթության և գիտության ոլորտում ներգրավված դերակատարների ակադեմիական ազատությունների և ինքնավարության երաշխավորում,

ակադեմիական քաղաքի կառուցման և զարգացման իրագործում,

բուհական և գիտական համակարգում շարժունության ապահովում, այդ թվում նաև ժամանակակից և համադրելի ընթացակարգերի սահմանմամբ,

լավագույն կրթության, կրթական փորձառության, հետազոտական և փորձարարական առավել մրցունակ պայմանների երաշխավորում և վերահսկողություն, ինչպես նաև նոր գիտելիքի ստացմանը նպաստող միջավայրի ձևավորում,

աշխատանքի շուկայում ռելևանտության, նորարարական պոտենցիալի մաքսիմալ դրսևորման և տնտեսական առավելագույն ազդեցությանը նպաստում,

հետազոտական աշխատանքներում երիտասարդների ներգրավման մեխանիզմների ներդրում և սերնդափոխության արդյունավետ գործիքակազմի կիրառում,

բարձրագույն կրթության ու գիտության համակարգի՝ միջազգային բարձր չափանիշների համապատասխանության ապահովում, 

բարձրագույն կրթության և գիտության ոլորտի հաստատությունների մրցունակության բարձրացում, դրանց արդյունավետ փոխգործակցություն և վերջիններիս հանդեպ միասնական մոտեցումների և սկզբունքների կիրառում, 

բուհ-հետազոտություն-տնտեսություն բնականոն կապի ամրապնդմանն աջակցություն, 

բուհերի ինքնակառավարման՝ սահմանադրական պահանջից բխող հետագա զարգացման ապահովման նպատակով նրանց ինքնավարության, ակադեմիական ազատությունների, հաշվետվողականության և ֆինանսավորման անհրաժեշտ լիարժեք մեխանիզմների ներդրմանն աջակցություն։

Օրենքի նախագծով սահմանված հիմնական փոփոխությունները

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով սահմանվում են՝ 

բարձրագույն կրթության և գիտության համակարգի բարեփոխման արդյունքում նոր իրավական, կազմակերպական և ֆինանսական հարցերի հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ ակադեմիական քաղաքին և գիտական փորձաքննությանը վերաբերող հարաբերությունները,

Գիտությունների ազգային ակադեմիայի գործունեությանը վերաբերող կարգավորումները,

դրույթներ, որոնք միտված են բարձրագույն ուսումնական հաստատությունների խոշորացման, այդ թվում՝ գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման, որպես գիտահետազոտական ինստիտուտներ, բուհերի կազմում ընդգրկվելու, համագործակցության և աստիճանական ինտեգրման, հետազոտական ցանցեր և կոնսորցիումներ ձևավորելու իրավական հիմքեր ստեղծելուն՝ ապահովելու որակյալ բարձրագույն կրթություն և հետազոտական արդյունքներ,

բուհերի և գիտական կազմակերպությունների պետական աջակցության նոր մեխանիզմներ, ներառյալ՝ ինստիտուցիոնալ (բազային) և մրցակցային ֆինանսավորումը,

բարձրագույն կրթության եռաստիճան համակարգը՝ բակալավրի, մագիստրոսի և դոկտորի (PhD) որակավորումների շնորհմամբ,

բարձրագույն կրթական ծրագրերի՝ լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ իրականացման հնարավորությունը, այդ թվում՝ հեռավար ուսումնառության ձևով,

բուհերի և գիտական կազմակերպությունների կառավարման բարելավված մոդելների ներդրում՝ ներառելով էթիկայի կոմիտեի ձևավորում,

իրավական հիմքեր՝ երկու և ավելի բուհերի (այդ թվում նաև՝ միջազգային) համատեղ կրթական ծրագրերի իրականացման և միջազգային կրթական միջավայրի զարգացման համար,

բուհերի լիցենզավորման և հավատարմագրման նոր պահանջներ՝ միջազգային բարձր չափանիշներին համապատասխան,

ուսանողների իրավունքների և պարտականությունների շրջանակ, ուսանողական ինքնակառավարման մարմինների իրավասություններ:

Ի գիտություն օրենքի նախագծի շահառուների

Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2024թ. հոկտեմբերի 1-ը ներառյալ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հետևյալ հղումով կամ ուղարկել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե:

Նախագծի վերաբերյալ հանրային լսումը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում (Օրբելի եղբայրներ 22, Երևան)։

Հաջորդիվ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից կհրապարակվեն հավելյալ իրազեկող բնույթի տեղեկատվական նյութեր՝ օրենքի շահառու խմբերից յուրաքանչյուրի (ուսանողներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմ, բուհեր և գիտական կազմակերպություններ) ոլորտներում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում