Կրթություն

Հայաստանի ազգային պատկերասրահը կրթական ծրագրերն է ներկայացրել Եղեգնաձորի ցուցահանդեսում

4 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային պատկերասրահը կրթական ծրագրերն է ներկայացրել Եղեգնաձորի ցուցահանդեսում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային պատկերասրահը (ՀԱՊ) կրթական ծրագրերն է ներկայացրել Մշակութային կրթության տարվա շրջանակներում Եղեգնաձորում կազմակերպված ցուցահանդեսում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՊ-ից։

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 թթ. ուսումնական տարին հայտարարել է «Մշակութային կրթության տարի»: Նպատակը կրթական գործընթացներում մշակութային կրթության դերը ընդլայնելն է` նպաստելով դպրոցականների կարողությունների զարգացմանը, ազգային արժեհամակարգի և լայն աշխարհայացքի ձևավորմանը: 

«Մշակութային կրթության տարվա» մեկնարկի շրջանակում օրերս ԿԳՄՍ նախարարությունը բոլոր մարզերում կազմակերպել էր «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավ: Ծրագրին միացած մշակութային կազմակերպությունների ու դպրոցների համար սա իրազեկման հրաշալի հարթակ էր: 

Վայոց ձորի մարզում` Եղեգնաձոր քաղաքում էքսպո-արշավին ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, մարզպետ Կոլյա Միքաելյանը: Էքսպոյի բացմանը ելույթ են ունեցել փոխմարզպետ Բագրատ Սողոմոնյանը, ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը: Մայր թանգարանի տնօրենը խոսել է դպրոցականների մշակութային կրթության կարևորության մասին, կոչ արել առավել ակտիվ մասնակցել պատկերասրահի կրթական ծրագրերին և հաճախ այցելել մշակութային հաստատություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Ըստ աղբյուրի՝ Վայոց ձորում ՀԱՊ-ը երկու մասնաճյուղ ունի` Եղեգնաձորի և Ջերմուկի պատկերասրահները: Եղեգնաձորի ցուցահանդես-արշավին մշակութային 6 կազմակերպությունների շարքում ներկայացել են նաև Ջերմուկի ու Եղեգնաձորի պատկերասրահները: Աշխատակիցները դպրոցականներին ներկայացրել են իրենց բազմաթիվ կրթական ծրագրերը, այդ թվում՝ «Դպրոցական բաժանորդային համակարգով» իրականացվողները: Նշվում է, որ դրանք լավ հնարավորություն են ոչ միայն թանգարաններ այցելելու, այլև անվճար մասնակցելու պատկերասրահի կրթական ծրագրերին: ՀԱՊ-ը բաժանորդային համակարգով երեք կրթական ծրագիր է իրականացնում` «Ժանրեր, թեմաներ, հեղինակներ»,  «Իմ Կոմիտասը», «Սասունցի Դավիթ»: Դրանք անցկացվում են ըստ ուսումնական ծրագրով նախատեսված թեմաների:

«Տաղավարներին կից տեղադրված են եղել նկարչական մոլբերտներ, պատանիները մի քանի ժամ բացօթյա նկարչությամբ են զբաղվել, ստեղծագործել ազատ թեմաներով` ամեն մեկն իր նախընտրած ժանրում: Սա Հայաստանի ազգային պատկերասրահի կրթական ծրագրերի բաղկացուցիչ մասն է:

 Էքսպո-արշավի տաղավարներին ծանոթանալուց հետո ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանի և Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է Եղեգնաձորի պատկերասրահ, ծանոթացել ցուցադրությանը, զրուցել դպրոցականների հետ»,- հայտնում են ՀԱՊ-ից՝ հավելելով, որ մարզերում անցկացված իրազեկման ցուցահանդես-արշավներին միացել են Հայաստանի ազգային պատկերասրահի բոլոր մասնաճյուղ պատկերասրահները: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում