Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արշակյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի անդամ Սինտիա Լոպես Կաստրոյի հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արշակյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի անդամ Սինտիա Լոպես Կաստրոյի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 13-ին հանդիպել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Մեքսիկայի Սենատի և Միջխորհրդարանական միության կին խորհրդարանականների բյուրոյի անդամ Սինտիա Լոպես Կաստրոյի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ողջունելով հյուրին` Հակոբ Արշակյանը կարևորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացումը:

ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Սենատի անդամներին նախորդ տարի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար: «Հայոց ցեղասպանությունը հանցագործություն էր ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ մարդկության դեմ: Ընդունելով այս փաստաթուղթը` Մեքսիկայի Սենատն իր ներդրումն ունեցավ մարդկության դեմ ապագա հանցագործությունների կանխարգելման, ինչպես նաև քաղաքակիրթ աշխարհի համախմբման գործում այս համընդհանուր նպատակի շուրջ»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:

Ըստ աղբյուրի՝ ԱԺ փոխխոսնակը հյուրին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, խաղաղության պայմանագրի կնքման հարցում մեր երկրի կողմից գործադրվող ջանքերը:

Նշվում է, որ Սինտիա Լոպես Կաստրոն բարձր է գնահատել Երևանում անցկացվող Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Մեքսիկայի Սենատի անդամի խոսքով՝ նմանատիպ միջոցառումները նպաստում են երիտասարդների միջև փորձի փոխանակմանը և փոխգործակցության խորացմանը:

Հակոբ Արշակյանը Հայաստանի կողմից հոկտեմբերի 1-ին Մեխիկոյում կմասնակցի Մեքսիկայի պատմության մեջ առաջին կին նախագահ Կլաուդիա Շեյնբաումի երդմնակալության արարողությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում