Քաղաքականություն

44-օրյա պատերազմից հետո անհետացել է զենքի մեծ քանակ․ Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

44-օրյա պատերազմից հետո անհետացել է զենքի մեծ քանակ․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո անհետացել է զենքի մեծ քանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտարարել է ՀՀ կառավարության նիստի ընթացքում։ 

«44-օրյա պատերազմից հետո ունենք անհետացած զենքի մեծ քանակ, և մենք մի քանի անգամ այդ թեման քննարկել ենք։ Նաև անվտանգության խորհրդում այդ հարցը քննարկվել է։ Ես ներքին գործերի նախարարին այդ թեմայով տվել եմ հանձնարարականներ, որ մենք ապօրինի զենք-զինամթերքի փնտրտուքի հետ կապված մեր մեթոդաբանությունները պետք է վերանայենք, որովհետև այն մեթոդաբանությունները, որոնցով աշխատել ենք, չեն համապատասխանում նոր մարտահրավերներին։

Նոր մեթոդների կիրառությամբ՝ մենք արդեն որոշակի ոչ մեծ արդյունքներ ունենք։ Այդ մեթոդով կարողանում ենք ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերել»,- ասաց վարչապետը։

Վարչապետն արձանագրեց նաև, որ երկրում շատացել է օրինական զենքի քանակը, և պետք է հասկանալ, թե որքանով պետք է օրինական զենքը հանդուրժելի լինի կառավարության համար։ «Այստեղ կան հայեցակարգային մի քանի մոտեցումներ։ Սա նույնպես մի հարց է, որը մենք պետք է քննարկենք։ Հիմա նաև օրինական զենք ձեռք բերելու հնարավորություններն են շատացել։ Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ մենք մի հարմար առիթով տեսնենք, թե զենքի կիրառմամբ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններից քանի տոկոսն է իրականացվել օրինական զենքով և քանի տոկոսը՝ անօրինական զենքով, ինչը նույնպես մեզ հետևություն անելու հնարավորություն կտա։ Ընտրությունը հետևյալն ՝ արդյոք մենք մեր հայեցակարգային պատկերացնումներում ուզո՞ւմ ենք ապօրինի զենքով հարձակման ենթարկվող մարդկանց վերապահել օրինական զենքով պաշտպանվելու հնարավորություն, թե՞ չենք ուզում վերապահել»։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում