Քաղաքականություն

Հայաստանը պատրաստ է առաջիկա հնարավոր ժամկետում Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ այս պահին համաձայնեցված դրույթներով

3 րոպեի ընթերցում

Հայաստանը պատրաստ է առաջիկա հնարավոր ժամկետում Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ այս պահին համաձայնեցված դրույթներով

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեմային անդրադարձել է «Երևանյան երկխոսություն» խորագրով համաժողովի ժամանակ ունեցած ելույթում։ 

«Դուք վերջին շրջանում շատ եք լսել, որ խաղաղության պայմանագրի 80 տոկոսը համաձայնեցված է, այդ մասին եղել են հայտարարություններ տարբեր ամբիոններից, և ուզում եմ գործնականում նշել, թե ինչ է դա նշանակում։ Խաղաղության պայմանագրի նախագծի՝ այս պահի դրությամբ առկա արդյունքներով 13 հոդված և նախագծի նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված են, ևս երեք հոդված, որոնք հիմնականում բաղկացած են երկու նախադասությունից, մասնակի համաձայնեցված են։ Եթե ավելի առարկայական լինեմ, այդ հոդվածների նախադասություններից մեկը համաձայնեցված է, մյուսը համաձայնեցված չէ։ Հայաստանի Հանրապետությունը, հաշվի առնելով, որ համաձայնեցված դրույթները ներառում են հարաբերությունների հաստատման միջազգայնորեն ընկալելի բոլոր կամ առանցքային, անկյունաքարային, հիմնարար դրույթները, առաջարկում է վերցնել այս պահին այն, ինչ համաձայնեցված է, ստորագրել, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումները մնացած հարցերի վերաբերյալ, մանավանդ որ հենց խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածներից մեկում նախատեսված է մեխանիզմ, որը երկու կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին, հնարավորություն կտա համատեղ մեխանիզմի միջոցով շարունակել քննարկումները»,- մանրամասնեց Փաշինյանը։ 

Վարչապետը հավելեց, որ խաղաղության պայմանագրի՝ այս պահին համաձայնեցված մասում կա դրույթ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։ «Հետևաբար, մենք կարող ենք գնալ նման լուծումների, մենք այդ առաջարկն արել ենք հրապարակային և պաշտոնապես, և ես ուզում եմ վերահաստատել մեր պատրաստակամությունը, իմ պատրաստակամությունը՝ առաջիկա հնարավոր ժամկետում ստորագրել խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի համաձայնեցված տեքստը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ արդեն իսկ համաձայնեցված հոդվածներով, իսկ մնացած հարցերի շուրջ քննարկումները շարունակել դրանից հետո։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն սեպտեմբերի 9-ին հայտարարել է, որ Հայաստանի առաջարկն անընդունելի է իրենց համար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում