Կրթություն

Ընդունելության բարձր ցուցանիշները քոլեջներում և ուսումնարաններում. ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի տնօրենների հետ

8 րոպեի ընթերցում

Ընդունելության բարձր ցուցանիշները քոլեջներում և ուսումնարաններում. ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի տնօրենների հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը սեպտեմբերի 5-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ՝ քննարկելու համար նոր ուսումնական տարում մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարության նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, վարչության ներկայացուցիչները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, շնորհավորելով նոր ուսումնական տարվա առթիվ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ այն ընթանալու է նոր փոփոխություններով ու մոտեցումներով, ինչը ուսումնական գործընթացը նորովի կազմակերպելու, նոր մեխանիզմներ կիրառելու հնարավորություններ է տալու:

Ընդունելության արդյունքների մասին

Նախարարի տեղակալի գնահատմամբ՝ այս տարի ընդունելության արդյունքները թե՛ արհեստագործական, թե՛ միջին մասնագիտական կրթական ծրագրերում ավելի դրական են նախորդ տարվա համեմատ, ինչը շատ ոգևորիչ է: Արհեստագործական կրթական ծրագրով ընդունվել են 3 862 դիմորդ՝ նախորդ տարվա 3106-ի փոխարեն, միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 11 196 դիմորդ, նախորդ տարվա՝ 10 417-ի փոխարեն:  826 ուսանող ընդունվել է մասնավոր ուսումնական հաստատություններ:

«Հիմնական դպրոցի շրջանավարտներից շատերը սկսել են ավագ դպրոց գնալու փոխարեն ընտրել մասնագիտական կրթության ուղղությունը: Այս տարվանից 8-րդ դասարանում գործելու է մասնագիտական կողմնորոշման պարտադիր խմբակը, ինչը կարևոր ազդեցություն է ունենալու մեր շրջանավարտների մասնագիտական ուղին հստակեցնելու ու ապագայի նկատմամբ պատկերացումներ ձևավորելու առումով»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: 

Նա կարևոր խնդիր է համարել կրթական այս մակարդակի միջոցով երկրի տնտեսության մեջ զգալի ներդրում ունենալու հանգամանքը, քանի որ աշխատաշուկան ՄԿՈՒ ոլորտի մասնագետների պահանջարկ ունի: «Պետք է փորձենք աշխատաշուկայի բացը լրացնել ՄԿՈՒ կրթությամբ. նույնիսկ ՏՏ ոլորտում կան մասնագիտություններ, որոնք բարձրագույն կրթություն չեն պահանջում: Սա նշանակում է, որ երիտասարդներին պետք է ճիշտ իրազեկենք և գործատուների հետ կապն առավել ամրապնդենք»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ պետական քաղաքականությունը նպաստել է ընդունելության ցուցանիշների աճին: 

Պահանջված մասնագիտությունների ներդրում

Նախարարի տեղակալի խոսքով՝ առաջնային խնդիր է միջավայրի պայմանների բարելավումը և ուսումնական հաստատություններում ներդրված մասնագիտությունների ցանկի վերանայումը: Ըստ նրա՝ կան մասնագիտություններ, որոնք պահանջված են տվյալ տարածաշրջանում, բայց ներդրված չեն, կան նաև մասնագիտություններ, որոնք շատ ուսանողների համար գրավիչ են, բայց համապատասխան թվով մասնագետների կարիք աշխատաշուկայում չկա: Նրա դիտարկմամբ՝ հաստատությունները պետք է աշխատանք կատարեն՝ մասնագիտությունների ընտրության հարցում ուղղորդելով երիտասարդներին: 

«Այս տարի վերանայում ենք մասնագիտությունների ցանկը, և մեծ ծավալի աշխատանք է իրականացվել ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի կողմից. կամփոփենք, և փաստաթուղթը շրջանառության մեջ կդրվի: Այստեղ շատ կարևոր են նաև ձեր առաջարկները, քանի որ դուք տեղային մակարդակում խնդիրներն առավել խորքային եք տեսնում. գուցե անհրաժեշտ է մտածել կրթական ծրագրերի, մոդուլների բեռնաթափման մասին»,- ասել է Արաքսիա Սվաջյանը և կոչ արել բարձրաձայնել խնդիրների մասին, որոնց բախվում են ուսումնական գործընթացում: 

Այս համատեքստում նա նշել է, որ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի ընդունումից հետո բազմաթիվ ենթաօրենսդրական ակտեր են ընդունվելու, ընթացակարգեր են փոխվելու՝ միտված բարեփոխումներին, ինչը ենթադրում է ոլորտի շահառուների դիրքորոշման և կարծիքի արտահայտման անհրաժեշտություն:

Վերապատրաստման և ատեստավորման գործընթաց

ՄԿՈՒ ոլորտում ևս դասավանդողների մասնագիտական աճն ու զարգացումը պետության ուշադրության կենտրոնում է։ «Վերապատրաստումներն առաջիկայում կմեկնարկեն բոլոր ուղղություններով, սակայն, ցավոք, երաշխավորված կազմակերպությունների ընտրության հնարավորությունը մեծ չէ, ինչը պայմանավորված է նրանով, որ գործընթացը նոր է, և համապատասխան կառույցների կողմից դաշտը դեռ լիարժեք ուսումնասիրված չէ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը և կոչ արել տնօրեններին հետևողական լինել, որ մասնագետները մասնակցեն ատեստավորմանը նախորդող վերապատրաստումներին:

Ատեստավորման գործընթացի մասին խոսելիս նա ընդգծել է՝ եթե այլ ոլորտներում, մասնավորապես, հանրակրթությունում թեստային ատեստավորման փորձառություն կա, ապա ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում է իրականացնել համակցված՝ տեսական գիտելիքի և գործնական հմտությունների վրա հիմնված ատեստավորում, որն այս տարի առաջին անգամ պետք է իրականացվի և, որպես առաջին փորձ, նախադեպային կարող է լինել կրթության համակարգի համար: 

Արաքսիա Սվաջյանի իրազեկմամբ՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի հետ քննարկումներն արդեն կայացել են, սկսվել են թեստերի մշակման աշխատանքները, մասնագիտական հանձնաժողովներն արդեն ձևավորվել են: Վերջիններս կառաջարկեն, թե ինչ ձևաչափով ճիշտ կլինի կազմակերպել ատեստավորման գործընթացը: 

Գերակա մասնագիտություններով ընդունելություն

Անդրադառնալով գերակա մասնագիտություններով ընդունելության ընդհանուր պատկերին՝ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է, որ ցուցանիշները դրական են, սակայն կարևոր է նաև գործընթացի վերահսկումը: «Ծրագրի նպատակն է խրախուսել դիմորդներին սովորելու տնտեսության համար պահանջարկ ունեցող մասնագիտություններ, և նրանց տալ բարձր կրթաթոշակ, սակայն այստեղ կա ռիսկ՝ արդյոք ավարտելուց հետո սովորողները կաշխատե՞ն այդ մասնագիտությամբ: Հնարավոր է նաև այդ մասնագիտությունը լինի գիտակցված ընտրություն, և միայն ուսումնառության ընթացքում սիրեն մասնագիտությունը և որպես մասնագետ կայանան աշխատաշուկայում: Ուսումնական հաստատությունների անելիքը պետք է լինի այն, որ դիմորդները միայն բարձր կրթաթոշակով չգայթակղվեն, այլև մնան ոլորտում և լավ մասնագետ դառնան»,- ասել է Արաքսիա Սվաջյանը և հայտնել, որ նախարարի հանձնարարականով կատարվելու է ուսումնասիրություն, թե երկրորդ կուրսում՝ առաջադիմությամբ պայմանավորված ուսանողներից քանիսն են շարունակելու ստանալ կրթաթոշակ, քանիսը՝ ոչ:

Նրա խոսքով՝ տրանսպորտային ծախսի փոխհատուցման ծրագիրը ևս դրական առումով նպաստել է ընդունելության ցուցանիշների բարձրացմանը: Նա ընդգծել է՝ ծրագիրը տարածվում է միայն մարզային հաստատությունների վրա և չի գործում Երևանի ուսումնական հաստատություններ ընդունված մարզաբնակ ուսանողների համար՝ մարզերում ուսումնական հաստատությունները ուժեղացնելու նկատառումով: Հանդիպմանը ներկա տնօրեններն իրենց հուզող հարցերն են ուղղել նախարարի տեղակալին, որոնք վերաբերել են կադրերի համալրման, ատեստավորման և վերապատրաստման գործընթացի իրականացման, դրույքաչափերի բարձրացման, աշխատանքային ծանրաբեռնվածության հստակեցման և այլ խնդիրների:

Նշվում է, որ Հայաստանում գործում են 54 արհեստագործական և 74 միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում