Տնտեսություն

Պետբյուջեից ավելի քան 3 մլրդ դրամ կհատկացվի մի շարք ճանապարհների հիմնանորոգման և վերանորոգման համար

2 րոպեի ընթերցում

Պետբյուջեից ավելի քան 3 մլրդ դրամ  կհատկացվի մի շարք ճանապարհների հիմնանորոգման և վերանորոգման համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական բյուջեում վերաբաշխում կարվի և 3 մլրդ 400 մլն դրամ կհատկացվի մի շարք ճանապարհահատվածների հիմնանորոգման ու այլ աշխատանքների համար: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշման նախագիծը հավանություն ստացավ կառավարության նիստում: 

«Նախագծով առաջարկվում է մի շարք ճանապարհահատվածների հիմնանորոգման, նախագծերի, փորձաքննությունների, տրանսպորտային օբյեկտների, ինչպես նաև ավարտված օբյեկտների համար գումար հատկացնել: Ընդհանուր հատկացումը և վերաբաշխվող գումարը 3 մլրդ 400 մլն դրամ է, որի մեջ ներառված է 8 հիմնանորոգվող օբյեկտ, 3 տրանսպորտային օբյեկտ, 7 նախագիծ և 5 օբյեկտ, որոնց շինարարությունն ավարտվել է, և պետք է վճարել»,–ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց նախագծերը: Դրանցից են Սպիտակից Վանաձոր ավտոճանապարհի 11.9 կմ-անոց հատվածի հիմնանորոգումը, Ջրվեժից Գառնի գնացող ավտոճանապարհի 2.7 կմ հատվածի հիմնանորոգումը, Նոր Հաճնից դեպի Աբովյան տանող ավտոճանապարհի, Հրազդան գետի կամրջի վերանորոգումը, դեպի Ծաղկաձորի մարզահամալիր տանող ավտոճանապարհից սկիզբ առնող և դեպի Ծաղկաձորի ճոպանուղի տանող ավտոճանապարհի 5 կմ հատվածի հիմնանորոգումը: 

Փաշինյանը կարևորեց հիմնանորոգվող ճանապարհներին միջանկյալ ձևերով նորմալ անցանելիություն ապահովելը: «Սպիտակից Վանաձոր և Դիլիջանից դեպի Վանաձոր գնացող ճանապարհին ճանապարհային նշանները կան  դրված, երևում է, որ աշխատանքի փուլում է, բայց ճանապարհն այնքան վատ վիճակում է, որ լրջորեն դժվարանում է անցանելիությունը: Այսինքն՝ բոլոր այդ հատվածներում պետք է շատ թե քիչ տանելի անցանելիություն ապահովենք»,–ասաց վարչապետը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում