Տնտեսություն

Ուղևորափոխադրման ոլորտի ընկերությունները կազատվեն միկրոավտոբուսների ներմուծման մաքսատուրքից

2 րոպեի ընթերցում

Ուղևորափոխադրման ոլորտի ընկերությունները կազատվեն միկրոավտոբուսների ներմուծման մաքսատուրքից

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը ուղևորափոխադրումների ոլորտում սպասարկող ընկերություններին միկրոավտոբուսների ներմուծման մաքսատուրքից ազատելու որոշում կայացրեց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշման նախագիծը հավանություն ստացավ կառավարության սեպտեմբերի 5-ի նիստում:

«Առաջարկում ենք ուղևորափոխադրումների ոլորտում սպասարկող ընկերություններին մաքսատուրքից ազատել երրորդ երկրներից միկրոավտոբուսների ներկրման դեպքում՝ հաշվի առնելով, որ տրանսպորտի ոլորտը համարվում է գերակա ճյուղ: Մի շարք արտոնություններ են սահմանված, բայց միկրոավտոբուսների դեպքում բացառություն կա, դրանք ներմուծման մաքսատուրքից ազատված չեն»,-ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նա նշեց, որ հաճախ ներդրողների կողմից հետաքրքրություն չեն տեսնում և կարծում են, որ առաջարկվող արտոնությունը կարող է խթանող ազդեցություն ունենալ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ շատ վաղուց կա մեխանիզմ, երբ կառավարության սահմանած գերակա ուղղություններով ներդրումային ծրագիր է ներկայացվում կառավարությանը, դրա շրջանակում որոշ սարքերի, սարքավորումների, տեխնոլոգիաների ներմուծումն ազատում են մաքսատուրքից:

«Մեր խնդիրն է, որ մարզի ներսում համայնքների միջև և մարզերի ու մայրաքաղաքի միջև լինի նորմալ տրանսպորտային հաղորդակցություն: Մենք տեսնում ենք, որ մարդիկ մրցույթներին կամ չեն մասնակցում, կամ մենաշնորհացման որոշակի վտանգներ են տեսնում: Հիմա ցանկանում ենք այս գործիքով ավելի գրավիչ դարձնել այդ ներդրումները, միայն թե այդ ոլորտում զարգացումներ տեղի ունենան»,–Փաշինյանը:

Վարչապետը նկատեց՝ շատ համայնքներում են բարձրացնում տրանսպորտի խնդիրը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում