Ագրարային մասնագիտություններով սովորողները 70-77 հազար դրամ կրթաթոշակ կստանան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսում են ագրարային ոլորտի մասնագիտություններով սովորող ուսանողներին 70-77 հազար դրամ կրթաթոշակ տրամադրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան որոշման նախագիծը հավանություն ստացավ կառավարության սեպտեմբերի 5-ի նիստում: 

«Առաջարկում ենք կրթաթոշակի տրամադրման քաղաքականության նոր մոտեցումներից ելնելով՝ նախորդ տարի կառավարության որոշմամբ՝ բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակի չափերի և մասնագիտությունների ցանկի սահմանման նախագծում անել փոփոխություններ: Նախորդ տարվա ցանկում ընդգրկված էին բնագիտական ուղղություններով մանկավարժական ծրագրերը: Առաջարկում ենք այդ ցանկում ներառել ագրարային ուղղվածության կրթության ծրագրերը, որոնք նույնպես պետության համար առաջնային մասնագիտություններ են»,-ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Մասնավորապես առաջարկվում է այդ ցանկում ներառել պարենային անվտանգության և թվային գյուղատնտեսության ոլորտում ռազմավարական նշանակության մասնագիտությունները՝ անասնաբուժության, անասնաբուժական, սանիտարական փորձաքննության, ագրոնոմիկայի, որտեղ ներառված են օրգանական գյուղատնտեսության, ջերմատնային ագրոտեխնոլոգիայի, բույսերի պաշտպանության ոլորտները, անտառային տնտեսության և բնակավայրերի կանաչապատման, անասնաբուծության, կենդանագիտության և կենսատեխնոլոգիայի, պարենամթերքի տեխնոլոգիայի, խմորման արտադրության տեխնոլոգիայի, գինեգործության, սննդամթերքի անվտանգության և ճշգրիտ գյուղատնտեսության ոլորտները: 

Նախարարն ընդգծեց, որ առաջարկն արվում է՝ հաշվի առնելով, որ մեծածավալ ծրագրեր են իրականացվում գյուղատնտեսության ոլորտում՝ այդ թվում պետական օժանդակությամբ, որոնք առաջ են բերում մասնագիտական կադրերի հսկայական պահանջարկ: Եվ այդ պահանջարկի բավարարման համար անհրաժեշտ է, որ կառավարությունն աջակցի այդ ոլորտում կրթություն ստացող ուսանողներին: 

«Նախագծի ընդունման արդյունքում 70-77 հազար դրամ կրթաթոշակ կտրամադրվի ագրարային՝ նշված մասնագիտություններով սովորողներին, ինչը կնպաստի, որ այդ կադրերը ժամանակին համալրեն առկա տեղերը և նպաստեն նաև տնտեոսւթյան զարգացմանը»,-նշեց նախարարը:

Որոշման կարգավորումները տարածվելու են այս՝ 2024-2025 ուսումնական տարվանից: Որոշման նախագիծը կվերաբերի շուրջ 220 ուսանողի, որոնք կսովորեն ագրարային ոլորտի մասնագիտություններով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ սա այն որոշումներից է, որ բխում է իրական կյանքից: «Մենք այս որոշման անհրաժեշտությունը տեսել ենք տարբեր մարզերում մեր ունեցած տարբեր հանդիպումների և շփումների արդյունքում»,-նշեց Փաշինյանը:

Նա նկատեց՝ հանրապետությունում հազարավոր հեկտարներով նոր ինտենսիվ այգիներ են հիմնվում: Սկզբնական շրջանում ներդրողները դիմում են արտերկրյա մասնագետների: «Բայց արտերկրյա մասնագետների ավելի լայն ներգրավվածությունը շատ մեծ ծախսերի հետ է կապված: Օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում մի շարք մասնագետների ժամավճարներ գոյություն ունեն, որ, մինչև վերջ չես էլ հավատում, որ կարող է նման բան լինել՝ ժամը 700 եվրո, 800 եվրո: Ներդրողներն ասում են, որ իրենք են հիմա փնտրում աշակերտների և ուղղորդում, որ մասնագիտություն ընտրեն, զրոյական մակարդակից աշխատեն, զուգահեռ կրթություն ստանան: Հիմա սա պահանջված է, որ մենք նաև այս խողովակով այդ մասնագիտությունները խթանենք՝ իմանալով, որ աշխատատեղեր կան, դրանք թափուր են և գնալով մեծանալու են»,-ընդգծեց վարչապետը:

Նա հավելեց՝ գյուղատնտեսության ոլորտում կրթության խթանումը նաև կօգնի, որ մարդը մասնագետ դառնա ու մնա գյուղում և բարձր վճարվող աշխատանք ունենա: Փաշինյանը նաև շեշտեց, որ այդ կրթաթոշակների արդյունքում պետք է բառի բուն իմաստով դառնան մասնագետներ, ում գիտելիքները պրակտիկ կյանքում կիրառվելու են: «Մենք չենք կարող մեզ թույլ տալ պետական բյուջեի միջոցները ծախսել, արդյունքում ձևավորել նոր խումբ, ով ասում է, որ բարձրագույն կրթության նույնիսկ 2 դիպլոմը ձեռքին չի կարողանում աշխատանք գտնել: Ուրեմն կա ինչ-որ խնդիր»,-հավելեց Փաշինյանը:

Վարչապետը նաև կարևորեց, որ ծրագիրը, որն ուսուցանվում է Ագրարային համալսարանում, լինի մրցունակ և պատշաճ:

 

Հայերեն

Ստուբը Մեծ Բրիտանիայի վարչապետին հայտնել է Ուկրաինայի հարցով խորհրդակցությունների արդյունքների մասին

Լատվիական «Չորսը՝ ճամպրուկով» հաղորդաշարը բացահայտում է Դիլիջանն ու Հայաստանի զբոսաշրջային բազմազանությունը

Բուժքույրը փորձել է արգելված իրեր փոխանցել դատապարտյալին

Կոմիտասի և բնության երկխոսությունը՝ COP17-ում. Հայկ Պետրոսյանը համաժողովի մշակութային հատվածում ներկայացավ յուրահատուկ համերգով

Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացվի «Սիմֆոնիկ Եվրոպա» համերգային ծրագիրը

ԻՀՊԿ-ն հայտնել է 4 նավի հարվածելու և Հորմուզի նեղուցում ականների վրա 3 նավի պայթելու մասին

Հյուսիսային Կորեան հակազդման նոր միջոցներ կտեղակայի Հարավային Կորեայի հետ սահմանին

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը

Եգիպտոսը կպաշտպանի Սաուդյան Արաբիայի տարածքը, բայց չի հարձակվի Եմենի վրա. Աս-Սիսի

Փաշինյանը չի բացառում նոր Սահմանադրության ընդունման գործընթացի համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը