ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ներդրված GIS (geographic information system՝ երկրատեղեկատվան համակարգ) համակարգը մեծ հնարավորություններ է ստեղծում քաղաքի կառավարման և տեղեկատվության թվայնացման տեսանկյունից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Երևանի GIS համակարգը հնարավորություն է տալիս տեսնել ցանկացած շենքի կամ տարածքի եռաչափ մոդելը, քաղաքի զարգացումն ու կառուցապատումը տարիների ընթացքում:
Հնարավոր է դիտարկել նաև հասարակական տրանսպորտի շարժը և վերահսկել ծառայության որակը։
Ըստ աղբյուրի՝ այժմ արդեն հնարավոր է հարթակի շնորհիվ հեշտությամբ տեսնել, թե քաղաքի որ հատվածում է առկա աղբի կուտակում և երբ ու ինչպես է այն վերացվելու:
Երևանի բնակիչները կարող են հարթակի միջոցով հետևել օդում փոշու աղտոտվածության ցուցանիշներին և վերելակների փոխարինման տարեկան ծրագրի ընթացքին: