Կրթություն

Տեխնիկական աջակցություն` ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր քոլեջին

3 րոպեի ընթերցում

Տեխնիկական աջակցություն` ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր քոլեջին

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԿ) ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում  տեխնիկական աջակցություն է տրամադրվել ծրագրի գործընկեր Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Քոլեջին տրամադրվել է միկրոավտոբուս, քանի որ հաստատությունում ուսումնառում են Ստեփանավանի, Տաշիրի, Ալավերդու տարածաշրջանի  և մոտակա այլ համայնքների երիտասարդները, և միջհամայնքային հասարակական տրանսպորտային միջոցի ոչ պատշաճ աշխատանքը խնդիր է առաջացնում՝ համայնքների երիտասարդներին ընդգրկելու քոլեջի ուսումնական գործընթացում: Բացի վերը նշվածից՝ քոլեջի գործընկեր մասնավոր հատվածի կազմակերպությունները  մեծամասամբ գտնվում են համայնքներում, հատկապես Տաշիրի տարածաշրջանում, և տրանսպորտային միջոցը կլուծի աշակերտների տեղափոխության խնդիրը: 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը ներկա է եղել քոլեջում տեխնիկական աջակցության առիթով կազմակերպված միջոցառմանը: Նա  կարևորել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համագործակցությունը և ՄԱՎԵՏԱ ծրագրի դերը դուալ մոտեցմամբ կրթական համակարգի ներդրման ու զարգացման գործում։

Քոլեջի անձնակազմին և ուսանողներին, մասնավոր հատվածի գործընկերներին ողջունել է նաև ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ծրագիրը շարունակելու է օրակարգում պահել քոլեջների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և տեխնիկական վերազինման խնդիրները՝ ՄԿՈՒ-ն ու գյուղատնտեսական մասնագիտություններն ուսանողների համար ավելի գրավիչ դարձնելու համար։

Ելույթներով հանդես են եկել քոլեջի տնօրեն Արա Չոբանյանը, մասնավոր հատվածի գործընկերներ, ուսանողներ։

ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը և Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Արա Չոբանյանը ստորագրել են հանձնման-ընդունման ակտ, որին հաջորդել է տեխնիկայի հանձնման պաշտոնական արարողությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում