Կրթություն

Արաքսիա Սվաջյանն ուսումնական տարվա մեկնարկի առիթով շնորհավորել է սովորողներին

5 րոպեի ընթերցում

Արաքսիա Սվաջյանն ուսումնական տարվա մեկնարկի առիթով շնորհավորել է սովորողներին

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է մի շարք ուսումնական հաստատություններ և շնորհավորել աշակերտներին ու մանկավարժներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, նախարարի տեղակալի առաջին կանգառը Երևանի թիվ 167 հիմնական դպրոցն է եղել: Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է Գիտելիքի օրվա կապակցությամբ և նշել, որ իրականացվող բարեփոխումների ֆոնին բազմաթիվ ծրագրեր են նախատեսվում, որոնք ուսումնական գործընթացն առավել հետաքրքրական կդարձնեն: 

ԿԳՄՍ նախարարի տեղակալն իրազեկել է, որ ուսումնական տարին հայտարարված է մշակութային կրթության տարի. «Ամեն ինչ պետք է անենք, որ մշակույթի բոլոր ոլորտները կրթության գործընթացում հնարավորինս շատ ընդգրկվեն: Մշակութային տարվա շրջանակում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված»:

Օրվա շրջանակում դպրոցում տեղի է ունեցել նաև նախակրթարանի բացում՝ նախատեսված 25 սանի համար: Ընդհանուր առմամբ՝ Երևանի թիվ 167 հիմնական դպրոց հաճախում է 300 աշակերտ: Դպրոցի ամենակրտսեր սովորողներին ևս շնորհավորել է Արաքսիա Սվաջյանը և մաղթել հետաքրքիր ուսումնառություն:

Ըստ աղբյուրի՝ հաջորդ կանգառը Երևանի թիվ 198 ավագ դպրոցն է եղել: Շնորհավորելով աշակերտներին՝ Արաքսիա Սվաջյանն ասել է. «Հետաքրքիր, արդյունավետ, գործունեության բազմազան ձևերով, նոր գիտելիքով ու կարողություններով լի տարի եմ մաղթում: Այս տարվանից հանրակրթության նոր չափորոշիչը ներդնում ենք նաև ավագ դպրոցներում, ինչը, ի թիվս բազմաթիվ այլ բաղադրիչների, յուրաքանչյուր աշակերտի հնարավորություն է տալու իր համար նախընտրելի ու հետաքրքիր առարկաներ ընտրել՝ առավել խորքային ուսումնասիրելու համար: Հուսով եմ՝ դա ձեզ ավելի շատ կկապի դպրոցին, և  հենց դպրոցի պատերի ներսում կսկսեք պատրաստվել բուհական  քննություններին»: 

Արաքսիա Սվաջյանն ընդգծել է՝ նոր չափորոշչի ներդրումն ուսուցիչներից առավել մեծ պատրաստվածություն ու ջանքեր կպահանջի: «Վստահ եմ՝ միասնաբար այս փորձությունը ևս կհաղթահարենք, որովհետև նախորդ տարիների փորձն արդեն իսկ ցույց է տվել, որ մեր ուսուցիչների մոտ նոր փոփոխություններ իրականացնելու և համբերատար աշխատելու ցանկությունն առկա է»,- ասել է նա և կոչ արել ուսուցիչներին ավելի ակտիվորեն մասնակցել բարեփոխումների գործընթացին:

Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է ուսումնառության ընթացքում հետադարձ կապի անհրաժեշտությունը՝ իրականացվող փոփոխությունները վերլուծելու, դրանք կատարելագործելու և հնարավորինս արդյունավետ իրականացնելու նպատակով:

Երևանի թիվ 198 ավագ դպրոցում սովորում է 320 աշակերտ:

Նշվում է, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է նաև Երևանի պետական հումանիտար քոլեջի ուսանողներին: «Սա ձեր ուսումնառության հետաքրքիր փուլերից մեկն է, որն ապահովելու է լավ փորձառություն: Այսօր իրականացվում են կրթության որակը փոխելու գործընթացներ, որտեղ բոլորը՝ սկսած ուսանողից և դասախոսից մինչև պետական պաշտոնյա, շատ կարևոր անելիքներ ունեն:  Միջին մասնագիտական կրթության ոլորտում մեզ համար առաջնային խնդիրներից է ամրացնել կրթություն-աշխատաշուկա կապը, որովհետև այս համակարգը տնտեսության համար պահանջված մասնագետներ ապահովող առաջնային օղակն է»,- ասել է Արաքսիա Սվաջյանը և մաղթել հետաքրքիր ու արդյունավետ ուսումնական տարի:

Երևանի պետական հումանիտար քոլեջ այս տարի ընդունել է 320 առաջին կուրսեցի՝ 7 մասնագիտությամբ: Պետական միջոցներով վերանորոգվել է քոլեջի տանիքը:

Նշվում է, որ նախարարի տեղակալն այցելել է նաև Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի դպրոց, որտեղ անցյալ տարի շահագործման է հանձնվել մոդուլային նոր դպրոց: 

Այցերի շրջանակում Արաքսիա Սվաջյանը շրջել է ուսումնական հաստատություններում, ծանոթացել ընթացիկ պայմաններին, հետաքրքրվել խնդիրներով, աշակերտներին ու ուսուցիչներին հուզող հարցերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում