Քաղաքականություն

ՀՀ դեսպանն ու Մոլդովայի մշակույթի նախարարն անդրադարձել են մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանն ու Մոլդովայի մշակույթի նախարարն անդրադարձել են մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոլդովայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը (նստավայրը` Կիև) հանդիպում է ունեցել Մոլդովայի մշակույթի նախարար Սերհիու Պրոդանի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։

Հաղորդվում է, որ զրուցակիցները անդրադարձել են երկու երկրների մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը:

Դեսպանը նախարարի ուշադրությունն է հրավիրել սեպտեմբերի 11-ից 13-ը ՄԱԿ Զբոսաշրջության հետ համատեղ Երևանում կազմակերպվելիք Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովին՝ վերահաստատելով հրավերը:

«Խոսելով համաժողովի մասին, նախարարը հիշեց երկու տարի առաջ իր այցը Հայաստան, որի ընթացքում նա, մասնավորապես, մասնակցում էր զբոսաշրջության ոլորտում խոշոր կոնֆերանսին, ապա նկատեց, որ այս անգամ Երևան կգա պետական քարտուղար Անդրեյ Չիստոլը: 

Այնուհետև նախարարը կանգ առավ Մոլդովայում կազմակերպվող մշակութային միջոցառումներին, կարևորելով հայ համայնքի ներդրումը երկրի մշակութային կյանքում», - նշված է ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին հայ համայնքի հետ համագործակցության և հայկական ժառանգության պահպանությանն աջակցելու համար՝ ընդգծելով, որ Հայաստանի և Մոլդովայի միջև մշակութային կապերի խորացումը կնպաստի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում