Կրթություն

Առաջիկայում դպրոցների համար կկազմակերպվի մշակութային հաստատությունների էքսպո

2 րոպեի ընթերցում

Առաջիկայում դպրոցների համար կկազմակերպվի մշակութային հաստատությունների էքսպո

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընթացիկ տարվա սեպտեմբերի 14-ին նախատեսվում է կազմակերպել մշակութային հաստատությունների էքսպո դպրոցների համար։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ գերատեսչության ենթակայությամբ գործող ավագ դպրոցների, Երևանի հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցությանը։ 

«Մեր դպրոցականները, ծնողները, ուսուցիչները տնօրեններն, այցելելով այդ էքսպո, հնարավորություն կունենան ծանոթանալ մշակութային հաստատությունների առաջարկած ծրագրերին, օրինակ՝ ինչ կրթական ծրագրեր ունեն թանգարանները, ինչպիսի խաղացանկեր ունեն մեր թատրոնները, համերգասրահներում ինչպիսի համերգներ են պլանավորված»,-մանրամասնեց նախարարը՝ համոզմունք հայտնելով, որ դրա շնորհիվ ուսուցիչները կկարողանան իրենց առարկաների թեմատիկ պլանավորման տրամաբանության տեսանկյունից հասկանալ, թե որ իրադարձությունն ինչպես կարող են օգտագործել համապատասխան թեման ավելի արդյունավետ մատուցելու համար։

Անդրեասյանի խոսքով՝ նախատեսվում է նաև ուսուցիչների և մշակութային հաստատությունների աշխատակիցների համատեղ վերապատրաստումներ անցկացնել, որպեսզի կարողությունների զարգացման միջոցով ուսուցիչները ձեռք բերեն ավելի արդյունավետ աշխատելու հմտություններ, եթե պլանավորում են որևէ դաս անցկացնել մշակութային հաստատությունում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում