Կրթություն

Նոր ուսումնական տարին կմեկնարկի մշակութային կրթության տարվա խորագրի ներքո․ նախարար

2 րոպեի ընթերցում

Նոր ուսումնական տարին կմեկնարկի մշակութային կրթության տարվա խորագրի ներքո․ նախարար

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոր ուսումնական տարին կմեկնարկի մշակութային կրթության տարվա խորագրի ներքո։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս  մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ գերատեսչության ենթակայությամբ գործող ավագ դպրոցների, Երևանի հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցությանը։

«Սա շատ կարևոր ենք համարում, որովհետև իրականում նոր չափորոշչի հիմնական բաղադրիչներից մեկն էլ մեր երեխաների ստեղծագործականության, երևակայության, նրանց մտքի խթանման աշխատանքն է, որը չի կարող ունենալ ավելի լավ գործիք, քան արվեստն է, մշակույթն է, որի միջոցով մենք կարողանում ենք այդ սահմաններն ընդլայնել»,-համոզմունք հայտնեց նախարարը՝ հավելելով, որ դրա նպատակը երեխաներին հաղորդակցելն է մշակութային իրադարձություններին, միջոցառումներին՝ մշակութային կյանքն աջակից դարձնելով դպրոցի կրթական ծրագրին։

Ըստ Անդրեասյանի՝ ամբողջ տարվա ընթացքում պլանավորվել են բազմաթիվ միջոցառումներ, նախագծեր, որոնք կօգնեն միասին իրագործել այդ նպատակը։

Գերատեսչության ղեկավարը հայտնեց, որ տարվա ընթացքում դպրոցների միջև նախատեսվում է կրթամշակութային նախագծերի մրցույթ, որի արդյունքները կամփոփվեն առաջին կիսամյակում։ Դրա իրականացման համար  կրթօջախներում կհայտարարվեն արվեստի օրեր։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում