Կրթություն

Օգոստոսյան խորհրդակցությունների հերթական փուլը՝ Կոտայքի մարզում

3 րոպեի ընթերցում

Օգոստոսյան խորհրդակցությունների հերթական փուլը՝ Կոտայքի մարզում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոր ուսումնական տարվան ընդառաջ Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվել է օգոստոսյան խորհրդակցություն, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Խորհրդակցությանը մասնակցել են Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ՀՄԿ-ի, մարզպետարանի մի շարք վարչությունների ներկայացուցիչներ։

Խորհրդակցության շրջանակում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ՝ կրթական ցուցահանդես, լավագույնը ճանաչված տնօրենների և ուսուցիչների պարգևատրման արարողություն, դասագրքերի բաշխման գործընթացի քննարկում և այլն։ 

Խորհրդակցությունից առաջ հյուրերը շրջել են Հրազդանում առաջին անգամ կազմակերպված կրթական էքսպոյում, որին մասնակցել են Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում լավագույնս հանդես եկած և չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ամսվա լավագույնը ճանաչված տնօրենները, նրանց տեղակալները, ուսուցիչները։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ծանոթացել է կրթօջախների կողմից ներկայացված նախագծային աշխատանքներին, զրուցել ուսուցիչների և աշակերտների հետ։ 

Արաքսիա Սվաջյանը նաև շնորհակալագրեր է  հանձնել չափորոշչի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում լավագույնը ճանաչված տնօրեններին և ուսուցիչներին։

Խորհրդակցության ընթացքում Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է հանրակրթության ոլորտում նոր ուսումնական տարվան ընդառաջ կատարված փոփոխություններին, նոր դասագրքերին և ուսումնական պլաններին, պարտադիր խմբակներին, արտադպրոցական կրթության կարևորությանը, վերապատրաստումների և կարողությունների զարգացմանը, նախադպրոցական կրթությանը, կամավոր ատեստավորմանը, տարակարգերի տրամադրմանը, Կոտայքի մարզի սովորողների՝ 2023-2024 թվականի ուստարվա ավարտական և միասնական քննության արդյունքներին և այլ հարցերի։

Հանդիպումն ամփոփվել է հարցուպատասխանով, կրթության ոլորտի պատասխանատուների կողմից վերհանվել և արձանագրվել են առկա խնդիրները, պարզաբանումներ են տրվել մի շարք հարցերի։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում