Եվրոպա

Նիդեռլանդներում հայտարարել են, որ Ուկրաինա տեղափոխված F-16-երի կիրառման սահմանափակումներ չկան

2 րոպեի ընթերցում

Նիդեռլանդներում հայտարարել են, որ Ուկրաինա տեղափոխված F-16-երի կիրառման սահմանափակումներ չկան

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան կարող է Նիդեռլանդների կողմից փոխանցված F-16 կործանիչներն օգտագործել այնպես, ինչպես հարմար է գտնում, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքի նկատմամբ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է երկրի զինված ուժերի հրամանատար գեներալ Օննո Էյհելսհեյմը։ 

«Մենք որևէ սահմանափակում չենք դրել F-16-երի օգտագործման կամ հեռահարության վրա», - ասել է նա։

Նա հավելել է, որ Ուկրաինան կարող է առանց սահմանափակումների օգտագործել Նիդեռլանդների տրամադրած ողջ սպառազինությունը՝ հումանիտար իրավունքի դրույթների և ռազմական գործողություններ վարելու կանոնների պահպանման պայմանով։

Էյհելսհեյմը չի հստակեցրել, թե Ամստերդամն արդեն քանի կործանիչ է տեղափոխել Կիև։ Ընդհանուր առմամբ, Նիդեռլանդները խոստացել է փոխանցել 24 ինքնաթիռ։

Հունիսին Կայսա Օլլոնգրենը, որն այն ժամանակ ղեկավարում էր Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը, հայտարարել էր, որ Ուկրաինան ինքն է որոշում, թե ինչպես օգտագործի այն զենքերը, որոնք իրեն փոխանցում է Ամստերդամը։ Նա հույս էր հայտնել, որ Նիդեռլանդների հաջորդ կառավարությունը կշարունակի աջակցել ՆԱՏՕ-ին և Ուկրաինային։

Նիդեռլանդները և Դանիան գլխավորում են «F-16» կոալիցիան, որի շրջանակներում անցկացվում է ուկրաինացի օդաչուների վերապատրաստում։ Նաև երկու երկրները հայտարարել են Ուկրաինային F-16 ինքնաթիռներ տրամադրելու իրենց մտադրության մասին։

F-16-ն ամերիկյան չորրորդ սերնդի բազմաֆունկցիոնալ թեթև կործանիչ է, որը շահագործվում է 1978 թվականից։ Այն ակտիվորեն օգտագործվել է Հարավսլավիայի դեմ ՆԱՏՕ-ի գործողության և Մերձավոր Արևելքի հակամարտությունների ժամանակ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում