543 ուսուցիչ գնահատվել է տարրական մակարդակում վերապատրաստման կարիք ունեցող. նրանք սեպտեմբերից կվերապատրաստվեն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գնահատվել են ավելի քան 6000 ուսուցիչներ, որոնք առաջիկայում պետք է վերապատրաստվեն: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստում նոր նախագծի ներկայացման ընթացքում: 

Նախագծով փոփոխություններ են առաջարկվում ուսուցիչների վերապատրաստման կարգում:

Նախարարը կարևորեց ուսուցիչների պարտադիր վերապատրաստման համակարգի բարեփոխումը, որով բոլոր ուսուցիչներին մեկ միասնական ծրագրով վերապատրաստման համակարգը փոխարինվել է ըստ գնահատված կարիքի վերապատրաստման համակարգով: «Նոր մոտեցմամբ յուրաքանչյուր ուսուցիչ նախևառաջ ինքն է գնահատում իր մասնագիտական զարգացման կարիքները, այնուհետև այդ գնահատումն իրականացնում է դպրոցը: Գնահատված կարիքի հիման վրա էլ ուղղորդվում է, թե որ ուղղությամբ և որ մակարդակի վերապատրաստման կարիք ունի տվյալ ուսուցիչը: Դա հնարավոր է դարձնում ուսուցչի վերապատրաստումը դարձնել ավելի թիրախային և արդյունավետ»,–ասաց նախարարը:

Այս տարի համակարգը կիրառվել է առաջին անգամ: Գնահատվել են ավելի քան 6000 ուսուցիչներ, որոնք առաջիկայում պետք է վերապատրաստվեն: «Գնահատված 6000-ից ավելի ուսուցիչներից 543-ն այս պահի դրությամբ գնահատվել են որպես տարրական մակարդակում վերապատրաստման կարիք ունեցող»,–նշեց Անդրեասյանը: 

Ներկայացված նախագծով վերապատրաստման կարգում կատարվում են հավելյալ հստակեցումներ և ճշգրտումներ: Այս փոփոխությունների արդյունքում ավելի հստակ է դառնում ուսուցչի վերապատրաստման պարբերականության որոշման հարցը: Նախարարը նշեց, որ շրջափուլն ավելի կարճ է ավելի ցածր մակարդակի պարագայում: Ավելի փորձառու ուսուցիչների դեպքում շրջափուլը կարող է հասնել մինչև 5 տարվա:

Հստակեցվել են նաև կարիքի գնահատման պարագայում առարկայական գիտելիքի իմացության բարելավման կարիք ունեցող ուսուցիչների կողմից առարկայական վերապատրաստման, այնուհետև կամավոր ատեստավորման եղանակով առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցելու դրույթները: Ըստ էության հերթական ատեստավորումը նույնանում է կամավոր ատեստավորման գործընթացի հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ այսպիսով նպատակ կա՞ նաև ուսուցիչներին նախապատրաստել կամավոր ատեստավորման գործընթացին: 

Նախարարը մանրամասնեց, որ ուսուցիչները գնահատվում են տարբեր ուղղություններով: Յուրաքանչյուր ուղղությամբ ուսուցիչները կարող են ունենալ հմտությունների տարբեր մակարդակ: Ամենացածր մակարդակը տարրական մակարդակն է, որի պարագայում առարկայական գիտելիքի իմացության խնդիր է գնահատվում: «Բոլոր այն դեպքերում, երբ ուսուցիչն ունի առարկայական գիտելիքի իմացության խնդիր, պետությունը նրա համար կազմակերպում է առարկայական գիտելիքի զարգացման ուղղությամբ վերապատրաստում: Սա նշանակում է, որ մենք աջակցում ենք այդ բոլոր ուսուցիչներին: Նրանք կարող են սեպտեմբերից սկսած մասնակցել վերապատրաստմանը, այնուհետև՝ դրանից հետո կազմակերպվող կամավոր ատեստավորման գործընթացին»,–ասաց Անդրեասյանը: 

Կառավարությունը հավանություն տվեց նախագծին:

 

Հայերեն

Եռօրյա այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետը

Հիմնանորոգվում է Ակունքի գերեզմանոց տանող ճանապարհը

Հիմնանորոգվում են Սևան քաղաքի մի շարք փողոցներ

Փրկարարները Կորյունի փողոցում հայտնված բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ