Կրթություն

Արարատի մարզում օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում կայացած կրթական ցուցահանդեսում ներկայացվել են 13 դպրոցի նախագծային աշխատանքներ

3 րոպեի ընթերցում

Արարատի մարզում օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում կայացած կրթական ցուցահանդեսում ներկայացվել են 13 դպրոցի նախագծային աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ուսումնական տարվան ընդառաջ Արարատի մարզում անցկացվել է մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, խորհրդակցությանը մասնակցել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ), մարզպետարանի մի շարք վարչությունների ներկայացուցիչներ։ 

Նախքան խորհրդակցությունը ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շրջել են կրթական ցուցահանդեսում, որին մասնակցել են Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում լավագույնս հանդես եկած և չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ամսվա լավագույնը ճանաչված տնօրենները, փոխտնօրեններն ու ուսուցիչները։ Կրթական ցուցահանդեսում ներկայացվել են 13 դպրոցի նախագծային աշխատանքներ։ 

Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալն ու մարզի ղեկավարը ծանոթացել են աշակերտների նախագծային աշխատանքներին, զրուցել նրանց հետ։ 

«Այնուհետև տեղի ունեցած խորհրդակցությանն Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է Արարատի մարզի նախորդ ուսումնական տարվա կրթական արդյունքները, ավարտական քննությունների և բուհ ընդունվողների ցուցանիշները։ Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև կրթության ոլորտի մի շարք առանցքային հարցերի, մասնավորապես՝ դասագրքերի տպագրությանը և բաշխմանը, ուսումնական պլանների և թեմատիկ պլանների ձևաչափերին, մենթոր դպրոցների համակարգին, փաստաթղթաշրջանառության ծավալին, պարտադիր խմբակների գործունեությանը, բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական մասնագիտությունների (ԲՏՃՄ) լաբորատորիաների ստեղծմանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտը կարգավորող իրավական մի շարք ակտերում կատարված փոփոխությունները, «Դպրոցական սնունդ» ծրագիրը, ուսուցիչների վերապատրաստումների նոր համակարգը: Անդրադարձ է եղել կամավոր և հերթական ատեստավորմանը, ուսուցիչների որակավորման տարակարգին, դրույքաչափերին, հաստիքացուցակին, դպրոցի տնօրենի հավակնորդի զարգացման ծրագրի չափանիշներին, ուսումնական որոշ գործընթացների թվայնացմանը և մի շարք այլ հարցերի: 

Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ Ուսուցչի օրվան ընդառաջ կազմակերպվելու է «Տարվա լավագույններ» մրցույթը, որին կմասնակցեն նախորդ ամիսներին լավագույնը ճանաչված մանկավարժական աշխատողները»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ Արաքսիա Սվաջյանը  նաև շնորհակալագրեր է հանձնել 2024թ․ «Ամսվա լավագույններ» մրցույթի տարբեր անվանակարգերում Արարատի մարզից հաղթած տնօրեններին և ուսուցիչներին։ 

Խորհրդակցության ընթացքում ներկաները ոլորտի պատասխանատուներին են ուղղել իրենց հուզող հարցերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում