Մշակույթ

Լոնդոնում աճուրդի են հանվել Սալվադոր Դալիի՝ ավտոտնակում հայտնաբերված վիմատպությունները

2 րոպեի ընթերցում

Լոնդոնում աճուրդի են հանվել Սալվադոր Դալիի՝ ավտոտնակում հայտնաբերված վիմատպությունները

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի (1904-1989 թթ.) վիմատպությունները, որոնք մոտ կես դար պահվել են Լոնդոնի կենտրոնի ավտոտնակներից մեկում, աճուրդի են հանվել Մեծ Բրիտանիայի Hansons աճուրդային տանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ The Times-ը հաղորդում է, որ խոսքը հին հռոմեացի բանաստեղծ Օվիդիուսի «Սիրո գիտություն» պոեմի համար նկարազարդումների շարքի մասին է։

Այդ վիմատպություննրերը, որոնք պատկերում են հին հունական առասպելների հերոսների, Դալին ստեղծել է 1970-ական թվականներին։ Դրանք աճուրդով կվաճառվեն սեպտեմբերի 30-ին։ Hansons-ի փոխտնօրեն Քրիս Քերքեմը հայտնել է, որ այդ գործերը պատահաբար է հայտնաբերել իր հաճախորդներից մեկի տուն այցելության ժամանակ:

«Երբեք չգիտես, թե ինչ կհայտնաբերես սովորական տնային այցի ժամանակ: 1970-ականներին գնորդը համեստ 500 ֆունտ ստեռլինգ է վճարել առանց շրջանակների վիմատպությունների համար Լոնդոնի կենտրոնական պատկերասրահում փակ վաճառքի ժամանակ: Նա դրանք գնել է, որպեսզի շրջանակներում դնի Բերքլի Սքվերի իր տանը, բայց գործն այդպես էլ դրան չի հասել: Ուստի դրոշմանկարները հայտնվել են նրա ավտոտնակում։ Դրանք կրկին հայտնաբերվել են, երբ նա հիմնավոր մաքրություն է սկսել: Նա ցանկանում է թոշակի անցնել և տեղափոխվել արտասահման, այնպես որ, նրա վիմատպությունները վերջապես կհայտնվեն աճուրդում», - նշել է Քերքեմը։

Դալին ծնվել է 1904 թվականի մայիսի 11-ին։ Նա համարվում է սյուրռեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը։ Իր ստեղծագործական գործունեության ընթացքում նա ստեղծել է  հարյուրավոր գործեր։ Նկարիչը մահացել է 1989 թվականի հունվարի 23-ին Ֆիգերես քաղաքում։ Նկարչի աճյունը գտնվում է Ֆիգերեսի Դալիի թատրոն-թանգարանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում