Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում օգոստոսի 27-ին տեղի ունեցավ 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական փաստաթղթերի հանձնման հանդիսավոր արարողությունը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը մեկնարկել է ՀՀ պետական օրհներգով և ՃՇՀԱՀ հիմնով: Այնուհետև՝ բուհի 5 ֆակուլտետների շրջանավարտներն իրենց իմացության և վարպետության խորհրդանշական դրոշներն են փոխանցել առաջին կուրսեցիներին: Այս տարի ՃՇՀԱՀ-ն թողարկել է 655 շրջանավարտ: 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ողջունելով ներկաներին և շնորհավորելով օրվա կապակցությամբ, անձամբ հանձնեց բուհի Շինարարության ֆակուլտետը գերազանցությամբ ավարտածների դիպլոմները:

«Արդեն երրորդ անգամ մասնակցում եմ նման միջոցառման և ամեն անգամ շատ ավելի մեծ բավականություն եմ ստանում հետևյալ կարևոր փաստերի բերումով. նախ՝ ամեն հաջորդ միջոցառմանը մենք ֆիքսում ենք, որ համալսարանում կա ավելի մեծ ձեռքբերում՝ քանակական ու որակական առումով, որովհետև և ուսանողների թիվն է ավելանում, և մի շարք ծրագրեր կան, որոնք ամեն տարի ավելի մեծ առաջընթաց են գրանցում: Տարբեր ուղղություններով բավականին լավ զարգացում կա: Ուրախ եմ, որ մենք միասին ամեն տարի արձանագրում ենք, որ մեր նախարարության և համալսարանի միջև համագործակցությունն էլ ավելի է խորացել, տարբեր ուղղություններով աշխատում ենք: Պետք է նաև նշեմ, որ մենք ոչ միայն ընթացիկ, այլ բազմաթիվ ապագա մեծ ծրագրեր ունենք և մեծ հույս ունենք, որ կշարունակենք աշխատել միասին, որպեսզի կարողանանք այդ ծրագրերը կյանքի կոչել»,-ասաց Սանոսյանը:

Քաղաքաշինության կոմիտեի և ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Եղիազար Վարդանյանը ողջունեց շրջանավարտների մուտքը մասնագիտական իրականություն՝ ընդգծելով նրանց ձեռք բերած մասնագիտությունների պահանջվածությունը երկրում։

«Ոլորտի մասնագետների առջև գործունեության լայն դաշտ է բացված։ Պետական, համայնքային, թե մասնավոր ներդրումային միջոցներով քաղաքաշինական ամենատարբեր ծրագրեր են իրականացվում։ Մենք կհանդիպենք արդեն որպես գործընկերներ. գուցե շատերդ կոմիտեի կամ մեկ այլ գերատեսչության ծրագրերն իրագործողներից լինեք։ Այսօր, գուցե, ինքներդ ձեզ խոստանաք, որ միշտ հավատարիմ կմնաք մասնագիտական սկզբունքներին, աշխատանքները կիրագործեք բարեխղճորեն, բարձր որակով և պատասխանատվության զգացումով։ Եվ դրանով դուք որակ, մշակույթ, աշխատաոճ կթելադրեք շուկայում»,-ասաց Վարդանյանը։

Օրվա առթիվ շրջանավարտներին շնորհավորեցին, բարի երթ մաղթեցին և բուհի մյուս ֆակուլտետների գերազանց շրջանավարտների վկայականները հանձնեցին նաև ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հիմնադիր և խորհրդի անդամ Վահե Պետրոսյանը և ՀՀ վաստակավոր, ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Բարսեղյանն էլ դիպլոմներ հանձնեց այն շրջանավարտներին, որոնք իրենց մասնագիտական գործունեությունը սկսել են հենց բուհի տարբեր ստորաբաժանումներից:

«Բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, ամբիոնի վարիչները, դեկանները և ողջ անձնակազմն ամեն ինչ արել են ձեզ հաղորդելու ժամանակին համահունչ հմտություններ ու կարողություններ, որոնց շնորհիվ դուք կգտնեք ձեր ուրույն տեղն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային աշխատաշուկայում»,- դիմելով շրջանավարտներին՝ համոզմունք հայտնեց ռեկտորը:

Նրա խոսքով՝ համալսարանի առաջնային նպատակն է ուսանողին զինել լավագույն մասնագիտական գիտելիքով, որն իրագործելու համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմաններն ու հնարավորությունները:

ՃՇՀԱՀ Շինարարության ֆակուլտետի շրջանավարտ Մանե Մարգարյանը նշեց, որ ուսումնառության առաջին տարում ծանոթանալով շինարարության առանձնահատկություններին, ընտրել և ավարտել է Արդյունաբերական և քաղաքացիական շինարարության բաժինը:

«Կրթության երրորդ տարում փոխանակման ծրագրով ես ու մի քանի այլ ուսանողներ կես տարի կրթություն ստացանք արտասահմանում: Դա փորձի շատ լավ հնարավորություն էր: Ավարտելուց հետո արդեն մի քանի ամիս է, ինչ աշխատում եմ մասնագիտությամբ»,-նշեց շրջանավարտը՝ մանրամասնելով, որ ներկայում ճանապարհաշինական ընկերությունում ինժեներ է աշխատում՝ իրականացնելով շենքերի նախագծում և հաշվարկ: Այդուհանդերձ, նա ընդգծեց, որ նպատակ ունի ուսումը շարունակել արտասահմանում: 

Շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանի դիտարկմամբ՝ հանրապետությունում շինարարության տարեցտարի աճող ծավալներին զուգահեռ, շինարարության ու ճարտարապետության մասնագիտություներն ավելի պահանջված են դառնում, ուստի յուրաքանչյուր տարի բուհի ուսանողների թիվն աճում է մոտ 20 տոկոսով:

«Վերջին երկու-երեք տարում ուսումնասիրել ենք շուկան, հասկացել ենք, թե ինչ պրոգրեսիվ ծրագրեր ունենք և այդ ամբողջը ներառել ենք մեր ուսումնական պրոցեսներում: Այսօր մեր ուսանողները յուրաքանչյուր մասնագիտությամբ 4-5 համակարգչային ծրագրեր են անցնում, որոնք կիրառելի հաշվարկային ծրագրեր են»,-ասաց դեկանը՝ հույս հայտնելով, որ բուհի շրջանավարտներն իրենց ուրույն տեղը կգտնեն աշխատաշուկայում:

 

Հայերեն