Իրավունք

«Արմավիր» ՔԿՀ խմելու ջուրն, ըստ լաբորատոր հետազոտության, համապատասխանում է նորմերին. ՀՀ արդարադատության նախարարություն

2 րոպեի ընթերցում

«Արմավիր» ՔԿՀ խմելու ջուրն, ըստ լաբորատոր հետազոտության, համապատասխանում է նորմերին. ՀՀ արդարադատության նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարությունն անդրադարձել է որոշ անհատների և լրատվամիջոցների տարածած տեղեկություններին, թե իբր Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի խմելու ջուրը չի համապատասխանում սանիտարական նորմերին և կանոններին, ինչի հետևանքով հանգեցրել է ազատազրկված անձանց շրջանում հիվանդության տարածման: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, հաշվի առնելով այս մասին նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից տրված տեղեկությունը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել էր վարչական վարույթ` Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում խմելու ջրի սանիտարական նորմերի և կանոնների պահանջների համապատասխանությունը պարզելու նպատակով։ 

«Վարույթի շրջանակներում Տեսչական մարմնի մասնագետները 2024 թվականի օգոստոսի 13-ին իրականացրել են զննում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Զննման ընթացքում պարզվել է, որ հիմնարկի խմելու ջրի ջրամատակարարման համակարգն ամբողջությամբ նոր է կառուցվել, համակարգում վթարներ չեն եղել, հիմնարկն ապահովված է 24-ժամյա ջրամատակարարմամբ։ Միաժամանակ փորձագետների կողմից հիմնարկի ջրամատակարարման համակարգի 6 կետերից կատարվել են խմելու ջրի նմուշառումներ, որը ենթարկվել է խմելու ջրի որակի լաբորատոր հետազոտությունների: 

Փորձագիտական եզրակացության համաձայն՝ նմուշառված խմելու ջրի նմուշները համապատասխանում են սանիտարական կանոններով և նորմերով սահմանված պահանջներին: Ըստ այդմ՝ ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատված սանիտարական նորմերով և կանոններով սահմանված պահանջները չեն խախտվել, ինչի արդյունքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթը կարճվել է վարչական իրավախախտման դեպքի բացակայության հիմքով»։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում