ՄՈՍԿՎԱ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ժողովուրդների ազգային թատրոնների «Ծիրան» փառատոնի շրջանակներում Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես-համալիրի (ВДНХ) «Հայաստան» տաղավարում հայերենով և ռուսերենով բեմադրվել է Հովհաննես Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» տիկնիկային ներկայացումը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում բեմադրության հեղինակ, Մոսկվայում հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Սլավա Ստեփանյանը նշել է, որ ծրագիրը կյանքի է կոչվել Մշակութային նախաձեռնություններին հատկացվող ՌԴ նախագահական դրամաշնորհի արդյունքում։
Մեր զրուցակցի խոսքով՝ հայ մեծանուն գրողի ծննդյան 155-ամյակին նվիրված ներկայացումն ամբողջ տարվա ընթացքում ցուցադրվել է ՌԴ տարբեր քաղաքներում։
«Ամենամյա մշակութային փառատոնի ընթացքում մենք հանդես եկանք երկու ներկայացմամբ: Երկրորդը ցուցադրեցինք «Ղազախստան» տաղավարում: Այն կրում է «Փնտրում եմ իմ սիրելիին» խորագիրը և կատակերգական ներկայացում է: Ուրախ եմ արձանագրել, որ հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց, քանի որ մեր առաքելությունն առաջին հերթին հայկական հարուստ մշակույթը ցուցադրելը, այն ազգերին հասու դարձնելն է»,-նշել է Ստեփանյանը։
Նա հավելել է՝ Մոսկվայի հայկական թատրոնն ունի հարուստ խաղացանկ և պարբերաբար հանդես է գալիս տեղի հանդիսատեսի առջև: