Ռուսաստան

Ուկրաինան հայտնել է ռուսական հարվածներից մեկ զոհի և վիրավորների, Ռուսաստանը՝ ուկրաինական 328 ԱԹՍ խոցելու մասին

3 րոպեի ընթերցում

Ուկրաինան հայտնել է ռուսական հարվածներից մեկ զոհի և վիրավորների, Ռուսաստանը՝ ուկրաինական 328 ԱԹՍ խոցելու մասին

Ուկրաինական իշխանությունների տվյալներով՝ սեպտեմբերի 18-ին Ռուսաստանի իրականացրած հարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել, առնվազն 21-ը՝ վիրավորվել է։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է նույն օրը 328 ուկրաինական անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ուկրաինական «Սուսպիլնե» հանրային հեռարձակողը, վկայակոչելով Խարկովի մարզի դատախազությանը և տեղական իշխանություններին, հայտնել է, որ մերձքաղաքային էլեկտրագնացքին անօդաչու թռչող սարքով հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել, ութը վնասվածքներ են ստացել։ Հարվածից երկու վագոնում հրդեհ է բռնկվել։

Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի տվյալներով՝ քաղաքի կենտրոնին հասցված երկու հաջորդական հարվածների հետևանքով տուժել է 11 մարդ։ Վարչակազմի հաղորդագրությունը վկայակոչող «Ուկրաինսկայա պրավդա»-ն նշել է, որ երկրորդ հարվածը տեղի է ունեցել դեպքի վայրում փրկարարների աշխատանքի ընթացքում։

Կիևի մարզային ռազմական վարչակազմը հայտնել է ևս երկու վիրավորի մասին։ «Ուկրաինսկայա պրավդա»-ի փոխանցմամբ՝ Բուչայի շրջանում երկու տղամարդ բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել պահեստային տարածքում, պահեստներ են վնասվել նաև Բորիսպոլի շրջանում։

Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը սեպտեմբերի 19-ի առավոտյան հայտնել են, որ ռուսական հարվածային և ռեակտիվ անօդաչուներ են արձանագրվել Կիևի, Չեռնիգովի, Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի, Օդեսայի և այլ մարզերի ուղղությամբ։ Հաղորդվել է նաև Խարկովի մարզի հյուսիսային հատվածում կառավարվող ավիառումբերի կիրառման վտանգի մասին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 18-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-20:00-ն, ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են 328 ուկրաինական անօդաչու։ Գերատեսչության պնդմամբ՝ դրանք հայտնաբերվել են Ռուսաստանի մի շարք շրջանների, ինչպես նաև Սև և Կասպից ծովերի տարածքում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է ուկրաինական նավահանգիստների և նավերի ուղղությամբ հարվածների մասին՝ պնդելով, որ դրանք օգտագործվել են Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում