Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն չի ընդունում Իսրայելի կողմից Գազայի որևէ երկարաժամկետ օկուպացիա. Բլինքեն

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն չի ընդունում Իսրայելի կողմից Գազայի որևէ երկարաժամկետ օկուպացիա. Բլինքեն

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ավարտել է իր մերձավորարևելյան հերթական ուղևորությունը, որի նպատակն էր Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի կնքմանը նպաստելը։ Այնուամենայնիվ, նա հեռացել է տարածաշրջանից՝ առանց Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև որոշակի համաձայնության։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters-ը հայտնում է, որ Կատարում լրագրողների հետ զրույցի ժամանակ նա հայտնել է, որ համաձայնագիրը պետք է կնքվի առաջիկա օրերին, և «մենք կանենք հնարավոր ամեն բան, որ հասնենք վերջնագծին»

Բլինքենին նաև հարց են ուղղել հրադադարի համաձայնագրի շրջանակներում Գազայի հատվածից իսրայելական զորքերի դուրսբերման մասին։ Axios լրատվական հարթակի հրապարակման համաձայն՝ Նեթանյահուն ասել է, թե համոզել է Բլինքենին, որ Իսրայելը պետք է իր զորքերը թողնի Եգիպտոսի և Գազայի սահմանին գտնվող Ֆիլադելֆիայի միջանցքում։

«Միացյալ Նահանգները չի ընդունում Իսրայելի կողմից Գազայի որևէ երկարաժամկետ օկուպացիա։ Ավելի կոնկրետ, համաձայնագիրը շատ հստակ է Գազայից (Իսրայելի պաշտպանության բանակի) դուրսբերման ժամանակացույցի և վայրերի վերաբերյալ, և Իսրայելը համաձայնել է դրան», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է, որ համաձայն է գործարքի պայմաններին։

Թե՛ Եգիպտոսը, թե՛ ՀԱՄԱՍ-ը դեմ են, որ իսրայելական զորքեր մնան Ֆիլադելֆիայի միջանցքում, սակայն Նեթանյահուն պնդում էր, որ դա անհրաժեշտ է՝ Գազայի հատված մաքասանենգ ճանապարհով զենքերի մուտքն արգելելու համար։

Իր մերձավորարևելյան ուղևորության ընթացքում Բլինքենն այցելել է Իսրայել, Եգիպտոս և Կատար։ Դոհայում օգոստոսի 15-ին վերսկսվել էին բանակցությունները Գազայի հատվածում հրադադարի և պատանդների վերադարձի շուրջ։ Բլինքենը հայտնել է, որ համաձայնության հասնելու այս ջանքերը, «հավանաբար լավագույն, գուցե վերջին հնարավորությունն են»։

Գազայի հատվածում պատերազմը սկսվել է ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250-ը՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 40 200-ի։ Անկլավի 2,3 միլիոն բնակիչներից գրեթե բոլորը տեղահանվել են իրենց տներից։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում