Մոսկվան պատրաստ է մասնակցել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը. Պուտին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը ուրախ կլինի, եթե կարողանա օժանդակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը և երկրների միջև սահմանի սահմանազատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ նեղ ձևաչափով բանակցությունների սկզբում։

«Եթե մենք կարողանանք ինչ-որ բան անել, որպեսզի հասնենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման, գործը հասցնենք սահմանի սահմանազատմանը և սահմանագծմանը, ինչպես բազմիցս խոսել ենք ձեզ հետ, ապաշրջափակենք համապատասխան ուղղությունները լոգիստիկայի և տնտեսության ոլորտում, մենք շատ ուրախ կլինենք դրա համար», - ասել է ՌԴ ղեկավարը։

Պուտինը նաև ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է մասնակցել երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն այն մասով, որը պահանջված կլինի երկու երկրների կողմից։ 

«Մենք երեկ անդրադարձանք այս թեմային, այսօր կշարունակենք։ Դա վերաբերում է Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորմանը։ Պարզ է, և բոլորը լավ գիտեն, որ Ռուսաստանը նույնպես բախվում է ճգնաժամերի հետ, այդ թվում՝ առաջին հերթին ուկրաինական ուղղությամբ, բայց Ռուսաստանի պատմական ներգրավվածությունը Հարավային Կովկասում իրադրության մեջ վերջին մի քանի տարիների ընթացքում մեզ թելադրում է այդ իրադարձություններին մասնակցելու անհրաժեշտությունը, իհարկե, այն մասով, որով դա պահանջված է կողմերի կողմից, դա առանց կասկածի», - ասել է Պուտինը։

Նա նշել է, որ Ալիևի հետ հանդիպումից հետո կկապվի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հայտնելու բանակցությունների արդյունքների մասին։

Ադրբեջան

Պուտինը հայտարարել է, որ Փաշինյանին կտեղեկացնի Բաքու այցի արդյունքների մասին

Վլադիմիր Պուտինը պետական այցով Բաքվում է գտնվում օգոստոսի 18-ից։

Հայերեն العربية English فارسی Русский Türkçe 简体中文