Մշակույթ

Երևանում տեղի կունենան բացօթյա համերգային ծրագրեր. մշակութային խոշոր նախագծեր՝ մայրաքաղաքում

2 րոպեի ընթերցում

Երևանում տեղի կունենան բացօթյա համերգային ծրագրեր. մշակութային խոշոր նախագծեր՝ մայրաքաղաքում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնության մայրաքաղաքում կկազմակերպվեն մի շարք մշակութային միջոցառումներ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Քաղաքապետարանի գործակարգավարական նիստից: 

Նիստի ընթացքում հայտարարվեց, որ օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին նախաձեռնել է բացօթյա համերգային ծրագրեր, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Ազատության հրապարակում կներկայացնի «Սիմֆոնիկ Մանսուրյան» և «Սիմֆոնիկ Ցիմմեր» խորագրերով համերգաշարը: 

Սեպտեմբերի 17-24-ը բացօթյա ձևաչափով Թումանյանի անվան այգում կկայանա «Երևան կլասիկ ֆեստ» խորագրով սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան միջազգային առաջին փառատոնը, որին մասնակցության հայտ են ներկայացրել աշխարհի լավագույն և ճանաչված նվագախմբերը: Հայաստանյան երաժշտախմբերի հետ նույն հարթակում հանդես կգան Միլանի Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի հռչակավոր ակադեմիական ֆիլհարմոնիկ նվագախումբը, ելույթ կունենան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբը և երգչախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը:

Մեկնարկել է կարևոր նշանակություն ունեցող ևս մեկ ծրագիր: Աշխարհահռչակ կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի՝ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» հիման վրա 1985թ. գրված Խմբերգային կոնցերտը, որը համարվում է երգչախմբային արվեստի համաշխարհային գլուխգործոց, նախատեսվում է մշակել և փոխադրել՝ ստեղծելով բալետային նոր ներկայացում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում