Իրան

Բրիտանիայի վարչապետն Իրանի նախագահին կոչ է արել զերծ մնալ Իսրայելի վրա հարձակվելուց

3 րոպեի ընթերցում

Բրիտանիայի վարչապետն Իրանի նախագահին կոչ է արել զերծ մնալ Իսրայելի վրա հարձակվելուց

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Թեհրանին կոչ է արել զերծ մնալ Իսրայելի վրա հարձակվելուց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Բրիտանիայի կառավարության մամուլի ծառայությունը։

Իրենց առաջին հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Սթարմերը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տիրող իրադրության առնչությամբ և բոլոր կողմերին կոչ է արել թուլացնել լարվածությունը և խուսափել հետագա առճակատումից։

Ըստ Դաունինգ Սթրիթի հաղորդագրության՝ Սթարմերը Փեզեշքիանին ասել է, որ կա «սխալ հաշվարկի լուրջ վտանգ, և հիմա անդորրի ու լուրջ խորհելու ժամանակն է»։ Ըստ Սթարմերի՝ պատերազմը ոչ մեկի շահերից չի բխում։

Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդգծել է իր հանձնառությունը Գազայի հատվածում անհապաղ հրադադարին, բոլոր պատանդների ազատ արձակմանը և հումանիտար օգնության ծավալների մեծացմանը։ 

Ղեկավարները նաև համաձայնել են, որ Միացյալ Թագավորության և Իրանի միջև կառուցողական երկխոսությունը բխում է երկու երկրների շահերից։ 

Օգոստոսի 12-ին տեղի ունեցած հեռախոսազրույցից առաջ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել՝ իրենց լիարժեք աջակցությունը հայտնելով լարվածությունը թուլացնելու և  Գազայում հրադադարի ու պատանդների ազատ արձակման գործարքի շուրջ շարունակական ջանքերին։ 

Հինգ երկրների ղեկավարները նաև իրենց աջակցությունն են հայտնել Իսրայելի պաշտպանությանը՝ «ընդդեմ Իրանի և Իրանի աջակցությունը վայելող ահաբեկչական խմբավորումների հարձակման»։ Կողմերն Իրանին կոչ են արել դադարեցնել Իսրայելի վրա հարձակվելու սպառնալիքները և քննարկել են նման հնարավոր հարձակման լուրջ հետևանքները։

Մերձավոր Արևելքում իրադրությունը կտրուկ սրվել է հուլիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիյեի սպանությունից և իսրայելական հարվածից Բեյրութում «Հեզբոլլահ»-ի ռազմական թևի հրամանատարներից մեկի՝ Ֆուադ Շուքրի սպանությունից հետո։ Հանիյեի սպանության մեջ Իրանը և ՀԱՄԱՍ-ը մեղադրել են Իսրայելին և հայտարարել, որ անպատասխան չեն թողնի դա: Իսրայելը պաշտոնապես ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել իր առնչությունը Հանիյեի սպանությանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում