Ռուսաստան

Ռուսաստանի մարզերը ենթարկվել են ԱԹՍ-ների զանգվածային հարձակման

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի մարզերը ենթարկվել են ԱԹՍ-ների զանգվածային հարձակման

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի իշխանությունները հայտնել են, որ գիշերը մի քանի մարզեր ենթարկվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լիպեցկի նահանգապետ Իգոր Արտամոնովը հայտնել է, որ մարզում ԱԹՍ-ների զանգվածային հարձակման հետևանքով կա 9 վիրավոր։ 

Լիպեցկի շրջանում սահմանվել է արտակարգ դրության ռեժիմ՝ պայթյունների հետևանքները վերացնելու համար։ 

Նահանգապետը հայտնել է, որ վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտ, արձանագրվել են էլեկտրամատակարարման խափանումներ։ 

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն իր հերթին հայտնել է Լիպեցկի մարզի ռազմական օդանավակայանում բռնկված հրդեհի մասին։ Օդանավակայանը գտնվում է այն բնակավայրերի մերձակայքում, որոնցից ավելի վաղ կատարվել է բնակչության տարհանում։ Ըստ նահանգապետ Արտամոնովի՝ բնակիչների անվտանգությունն ապահովելու համար տարհանում է իրականացվել Կոպցևի Խուտորա, Ֆեդորովկա, Յակովլևկա, Տինկովկա բնակավայրերից։ 

Մարզի մի քանի բնակավայրերի բնակիչներին տարհանել են, Լիպեցկ քաղաքում և Լիպեցկի շրջանում դադարեցվել է ուղևորատար տրանսպորտի երթևեկությունը։ Մարզում չեղարկվել են բոլոր զանգվածային միջոցառումները։ 

Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ Լիպեցկի մարզի երկնքում գիշերը խոցվել է 19 ինքնաթիռային տիպի ԱԹՍ, իսկ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի տարածքում՝ 75 ԱԹՍ։

Զանգվածային հարվածների է ենթարկվել նաև Բելգորոդի մարզը, որի երկնքում խոցվել է 29 ԱԹՍ։ Վնասվել են բնակելի տներ, մեքենաներ, բազմաբնակարան շենքի մի քանի բնակարաններում հրդեհ է բռնկվել։  

Կուրսկի մարզը, որտեղ օգոստոսի 6-ից մարտեր էին ընթանում սահմանից ներթափանցած ուկրաինական ուժերի դեմ, նույնպես ենթարկվել է հրթիռների և ԱԹՍ-ների հարձակման։ Ըստ Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովի՝ գիշերը մարզի երկնքում խոցվել է 4 հրթիռ, 4 ինքնաթիռային տիպի ԱԹՍ։ 

Բացի այդ, ԱԹՍ-ներ են խոցվել նաև Բրյանսկի, Վորոնեժի և Օռլովի մարզերում, Սև ծովի երկնքում և Ղրիմում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում